Նոր հնարավորություն սիրիահայ ընտանիքի վերամիավորման համար
Հայկական կարմիր խաչի ընկերությունը բիզնես ծրագրերի միջոցով սիրիահայերին աջակցում է ինքնուրույն գործ հիմնել և աշխատել ու ապրել հայրենիքում: Բիզնես ծրագրով նրանց տրամադրվում են անհրաժեշտ իրեր ու սարքավորումներ, որպեսզի կարողանան իրականացնել ներկայացված գործունեությունը: Սիրիայից վերադարձած Էլմիրա Քոչարյանը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում նախատեսել է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ։
«Հանրային ռադիոյի» փոխանցմամբ՝ Էլմիրա Քոչարյանը 2012 թվականից ամառային հանգստի նպատակով եկել էր Հայաստան, հայրական տուն այցելության և պատերազմի պատճառով չի կարողացել վերադառնալ ամուսնու մոտ՝ Հալեպ: Արդեն 4 տարի նրա ընտանիքը երկատվել է. ինքը 10 տարեկան որդու հետ ապրում է հայրական տանը՝ Հայաստանում, ամուսինը 90-ամյա մոր հետ՝ Հալեպում:
Հաղթահարելով ապրելու դժվարությունները՝ Էլմիրան միաժամանակ հոգ է տանում հաշմանդամություն ունեցող իր ծնողների մասին: 2013 թվականին սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում մասնակցել է բուժքույրական վերապատրաստման դասընթացներին և տեղավորվել աշխատանքի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, սակայն չվարձատրվելու պատճատով 4 ամիս անց աշխատանքից ազատվել է: Աշխատավարձը ստացել է աշխատանքից ազատվելուց հետո։ Մրգաշատից-Երևան առանց աշխատավարձի գնալ-գալը նույնպես դժվարություններ են ստեղծել Էլմիրայի համար:
Էլմիրայի ամուսինն աշխատում է Հալեպի ազգային առաջնորդարանի <<Արևելք>> տպարանում որպես տպագրիչ։ Նրա աշխատավարձը բավարարել է ընտանիքի կարիքները հոգալու համար: Մինասը փորձել է հաստատվել Հայաստանում, սակայն 90-ամյա մորը չի ցանկացել մենակ թողնել, որքան էլ անվտանգ, այնուամենայնիվ տարեց կինը ցանկանում է ապրել իր ծննդավայրում: Բացի այդ՝ Մինաս Քիրեջյանի համար Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է, երկու անգամ փորձել է իր աշխատանքը շարունակել հայաստանյան տպագրատանը, բայց աշխատանք չի գտել:
Բացի այդ՝ առաջարկվող ցածր աշխատավարձով նա կկարողանա վճարել միայն ճանապարհածախսը։ <<Որտեղ դիմել ենք, ասել են եթե լինի, ապա 60 հազար դրամ աշխատավարձ ես ստանալու, եթե, եթե… հուսալի չէ, վստահություն չկա>>:
Ընդառաջ գնալով ճակատագրին՝ Էլմիրա Քոչարյանը փորձում է ինքնուրույն գործ հիմնել և կախման մեջ չլինել ուրիշի օգնություններից: Նա մասնակցել է հայկական Կարմիր խաչի ընկերության առաջարկած բիզնես ծրագրին: Ներկայացրած առաջարկությունը, Էլմիրայի կարծիքով, հավանության է արժանացել՝ 800 եվրոյի չափով անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրում, որպեսզի կարողանանք աշխատանք ստեղծել, հուսով եմ առաջիկա ամսում կլինի:
Էլմիրա Քոչարյանը ցանկանում է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ: Այս գործում հմտանալու համար նրան օգնելու է մասնագետը: Կարմիր խաչի հայկական ընկերության տնտեսական ինքնաբավության բաղադրիչը կարող է Էլմիրայի ընտանիքի վերամիավորման և մայր հայրենիքում մշտական հաստատվելու լավագույն հնարավորությունը լինել