«Պարբերաթերթը ծնունդ է, իսկ յուրաքանչյուր ծնունդ պարտավոր ենք պահել ու պահպանել». Ջուլիետ Մարտիրոսյան
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպերպած Լրագրողների համահայկական համաժողովին մասնակցում էին հայաստանյան և սփյուռքյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանց շարքում նորօրյա երիտասարդ լրագրողների կողքին էին նաև երկարամյա վաստակ ու փորձ ունեցող լրագրողներ, ովքեր տասնամյակներ շարունակ պահել ու պահպանել են ավանդական տպագիր մամուլը. նրանցից մեկի՝ երկարամյա կենսագրություն ունեցող, ժամանակին շատ սիրված ու փնտրվող և այսօր էլ նույնքան գնահատելի վարկանիշ ունեցող «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանի հետ էլ կայացավ իմ զրույցը «Հայերն այսօր»-ի համար
-Հարգելի՛ Ջուլիետ Մարտիրոսյան, Դուք երկար տարիներ կարողանում եք մեծ դժվարություններով, կարելի է ասել՝ հերոսաբար, պահել ու պահպանել «Ավանգարդ»-ը: Որպես վաստակաշատ լրագրող ու խմբագիր, Ձեր մասնակցությունը բերելով այս համաժողովին, որքանո՞վ եք կարևորում նման համաժողովները:
-Ես գերադրական աստիճանով կասեի, որ այս համաժողովներն անգնահատելի են: Առաջին հերթին՝ տեղեկատվություն տարածող հանրույթը ճանաչում է զմիմեանս, լրատվամիջոցների ներկայացուցիչները մերձենում են, ընդհանրություններ են գտնում մեր համազգային խնդիրների շուրջ և ամենակարևորը՝ այսպիսի համաժողովները նաև կողմնորոշում են տալիս. մեկի արած գործը մի բան է հուշում մեկ ուրիշին, դա փոխադարձաբար է տեղի ունենում: Այս տեսանկյունից անգնահատելի է համաժողովների դերը: Իսկ ընդհանուր առմամբ, եթե լրագրողական հանրությունից դուրս գանք, հասարակության համար էլ կարևոր է, որովհետև, ի վերջո, որքան էլ լրագրողի կերպարը որոշ դեպքերում կիսաընդունելի է, երբեմն էլ վատ է ընդունվում, միևնույն է, լրատվությունը սպասում են նրանից, կարծիքը ստանում են նրանից կամ ձևավորում են նրա տեղեկատվության հիման վրա:
-Ձեր կարծիքով ի՞նչն է պակասում լրատվական դաշտում, որի առանցքի շուրջ պետք պտտվել, որին պետք է հենվել:
-Լրատվության առանցքը պետք է լինի քրիստոնեական անաչառությամբ տեղեկատվություն հաղորդելը. օրվա էլեկտրոնային և հրատապ լրատվություն հաղորդողները սոսկ անաչառ լրատվությունը տան և ոչ թե հատվածներ՝ իրենց ճաշակով, իսկ ունենք պարբերականներ, որոնք պետք է տան վերլուծություն: Լրագրողական աշխատանքի առանցքը դա՛ է, սակայն Հայաստանում դա, համենայն դեպս, բացակայում է և որքան հասցրել եմ շփվել, աշխարհի տարբեր ծագերում էլ այն բացակայում է, որովհետև ֆինանսավորման խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում: Տեղեկատվությունը, լինելով ամենաթանկ ապրանքը, այդուհանդերձ, չի կարողանում վարձատրվել այնքան լրատվություն սպառողներից՝ հեռուստադիտողներից, ռադիոունկնդիրներից, ընթերցողներից, որովհետև չկա վերադարձը, մանավանդ՝ հայաստանյան իրականությունում, նաև՝ դրսում եղած հայ լրատվամիջոցներն արդեն կախված են մնում ֆինանսավորողից, որովհետև, ի վերջո, պետք է աշխատանքը կատարվի, իսկ ֆինանսավորողն էլ, բնականաբար, իր շահերն ունի: Ես չեմ պնդի, թե անպայման վատն են այդ շահերը, բայց բոլոր դեպքերում այդտեղ արդեն վերանում է օբյեկտիվությունը, իսկ մեր իրականության պարագայում յուրաքանչյուր քաղաքական ուժի, քաղաքական հակումներ ունեցող որևէ գործարարի կամ որևէ կառույցի կողմից իրենց շահը որոնելն օրինաչափ է: Մի քիչ գռեհիկացված է դարձել այդ արտահայտությունը, բայց՝ «Վճարողը պատվիրում է նաև երաժշտությունը». ա՛յ, առանցքայինը դա է:
-Վերջին հարցս՝ այս տարիներին այնքա՜ն են շատացել համացանցային կայքերը, էլեկտրոնային պարբերականները, հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, տպագիր լրատվամիջոցները…Եվ, այնուամենայնիվ, որքան էլ նորարական տեխնոլոգիաներով ստեղծվող, օրեցօր ավելացող լրատվամիջոցները հեղեղում են մեր լրատվադաշտը, տպագիր մամուլը մնում է և դուրս չի մղվում դաշտից. ի՞նչ եք կարծում տպագիր մամուլը կկարողանա՞ արդյոք երկար գոյատևել այս խայտաբղետ, նորարական տեխնոլոգիաների լրատվական հորձանուտում:
-«Երկարատև»-ը հարաբերական բառ է, հավերժության չափ ոչ մեկն ու ոչ մի բան չի գոյատևում. շատ լրատվամիջոցներ կան, որոնք ծնվում են րոպեական, նախընտրական տարի է, նորից կծնվեն. մի քիչ հումոր է ստացվում, սակայն նախընտրական մամուլի համար ստեղծվածներն արդենիսկ հուշում են, որ մարդը տպագիր մամուլից է ստանում…Պատմում էին, թե երբ հեռուստատեսությունը ստեղծվել է, թատրոնի մարդկանց սպառնացել են, որ թատրոնը կվերանա, բայց թատրոնը չվերացավ, և այսօր նոր զարգացումներով, նոր դրսևորումներով ամեն նորի հետ վերահաստատվում է, նույնը՝ նաև տպագիր մամուլը: Կարոտախտ կա գրքի, թե չէ ՝ ինչու՞ պետք է մարդիկ գրքեր տպագրեն: Ասեմ, որ տպագիր մամուլի վերանալու որևէ սողանցք չեմ տեսնում: Կան նվիրյալներ, ովքեր հետամուտ են և տառապանքով միջոցներ են հայթայթում՝ իրենց պարբերաթերթը ապրեցնելու համար, որովհետև դա ծնունդ է, իսկ յուրաքանչյուր ծնունդ պարտավոր ենք պահել ու պահպանել:
Զրուցեց Կարինե Ավագյանը