ՄԱԿ-ի միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ կենտրոնակայանում` ՀԲԸՄ-ի կազմակերպմամբ

Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության կենտրոնակայանում տեղի ունեցավ ներկայացում, որը կազմակերպել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ մի շարք անդամ-երկրների, կազմակերպության գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հայկական ավանդական կատարողական արվեստի ու ժամանակակից պարարվեստի համադրությամբ բեմադրված ներկայացումն անցկացվեց «Հոգիս» երաժշտական բեմադրության միջազգային մեկնարկի շրջանակներում` ցուցադրելով ՀԲԸՄ-ի երկու գործընկեր ծրագրերի` «ԹՈՒՄՈ» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնի և ՀԲԸՄ հովանու տակ գործող Նորքի հայորդաց տան երիտասարդ մասնակիցների հմտությունները: «Հոգիս» բեմադրությունը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում, հայկական ավանդույթների յուրահատուկ մեկնաբանություն է` թվային և ստեղծագործական արվեստի համադրությամբ:
Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:
«ՄԱԿ-ը ստեղծվել է հանուն ապագայի, այսինքն՝ երեխաների: Հենց երեխաներին պետք է փոխանցենք այս աշխարհը, և դա մեր բոլորիս կարևոր պարտավորությունն է, որի մասին պետք է հիշենք», իր ելույթում- ընդգծեց ՀՀ դեսպանը: