Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետականաշինության գործում. ներկայացնում է լիբանանահայ լրագրող Տոնիկ Տոնապետյանը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում հանդես է եկել «Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործում» թեմայով զեկույցով:

Տոնիկ Տոնապետյանն առաջարկում  է  հայության երկու հատվածների և տարբեր մշակույթների մերձեցման աշխատանքների համար հետևյալ անհրաժեշտ քայլերն իրականացնել, որոնք «Հայերն այսօրը» ներկայացնում է ստորև.

Պետական համակարգերում սփյուռքահայերի ներգրավում: Քիչ են դեպքերը, երբ սփյուռքահայերը ներգրաված են պետական-քաղաքական կյանքում: Պետական կամ պետական հովանավորություն վայելող կառույցներում սփյուռքահայ հայրենադարձ անձանց մասնակցությունը կարճ ժամանակահատվածում կարող է իսկապես օգտակար լինել պետական կառույցների գործելաոճում՝ նրանց մեջ նոր որակ և փորձառություն ստեղծելով: Այս հարցը վերաբերում է նաև սփյուռքյան այն հատվածին, որը որոշել է հաստատվել  Հայաստանում: Նկատի ունեմ Հայաստանում հաստատված սիրիահայերին, որոնց ներուժի օգտագործումը կօգնի նրանց կայացմանը Հայաստանում:

Հայաստանի զինված ուժերում սփյուռքահայերի ներգրավում: Պաշտպանության ոլորտի կայունությունը, ամրությունը և զարգացումը հատկապես նորաստեղծ պետության համար կարևոր ազդակ է: Այս հարցում Սփյուռքի երիտասարդների ներդրումը կարող է որոշակի զարգացում ապրել, եթե, իհարկե, ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ սփյուռքահայ երիտասարդները Հայաստանի քաղաքացիությունից խուսափում են զինվորական պարտադիր ծառայության մեկնելու պայմանի պատճառով: Արդյո՞ք հնարավոր չէ այս հարցում նրանց համար որոշակի մեղմացուցիչ պայմաններ ստեղծել: Օրինակ՝ Լիբանանի պարագայում զինվորական պարտադիր ծառայություն գոյություն չունի, սակայն կան հայ երիտասարդներ, ովքեր, որպես պայամանգրային զինվորներ, ծառայում են, կան նաև երիտասարդներ, ովքեր ջանք ու ճիգ չեն խնայում՝ մուտք գործելու սպայական վարժարաններ:

Սփյուռքյան ներուժի ներգարվումը տնտեսության մեջ: Տնտեսության գործոնը մնում է պետության կայացման հիմնաքարը: Այս հարցում Սփյուռքի ներգրավումը պետք չէ միայն դրամական օժանդակությամբ լինի, այլև՝ Հայաստանում տնտեսական-արդյունաբերական, ինչու ոչ, նաև՝ տնտեսական-խորհրդատվական գործում լուրջ մասնակցություն ունենալով:

Մարմնակրթական-մարզական ոլորտում սփյուռքահայ մարզիկների ներգրավում: Պարզ իրողություն է, որ միջազգային մարզախաղերում գրանցած հաղթանակները բարձրացնում են հայ ժողովրդի հայրենասիրական ոգին՝ անկախ այն փաստից, որ այդ հաղթանակները տվյալ երկրում քարոզչական առավելություն ունեն:

Ազգային դաստիարակության, Հայրենիքի հետ կապվածությունը ամրապնդելու, ինչպես նաև  մարզական ասպարեզում հաջողություններն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է այս ոլորտին հատուկ ուշադրություն դարձնել և օգտվել Սփյուռքում գտնվող մարզիկների կարողություններից, քաջալերել նրանց՝ որոշակի առավելություններ տալով:

Խոսելով չորրորդ իշխանության՝ լրատվամիջոցների մասին, պետք է նշեմ, որ, բնական է, տարբեր երկրներում գործող հայկական լրատվամիջոցները ազդվում են իրենց շրջապատից, երկրի քաղաքական վարչակարգից՝ գործելով տրված ազատության սահմաններում: Ակնհայտ է նաև, որ լրատվամիջոցների աշխատանքներն ազատորեն գործելու իմաստով համացանցային այսօրվա  պայմաններում բավականին դյուրացել է: Սա նշանակում է, որ պետք է ընձեռնված հնարավորություններն օգտագործել հայկական մամուլը պետականաշինության գործին ծառայեցնելու համար: Այս դաշտը խոցելի է հատկապես վերահսկող մարմնի բացակայության պատճառով:

Հայաստանի զբոսաշրջության գործում Սփյուռքի  ներգրավումը կիրականա, երբ  հայրենասիրական զբոսաշրջությունից անցում կատարենք մասնագիտացված զբոսաշրջության: Հայրենասիրական զբոսաշրջությունը ժամանակավոր է, մինչդեռ երբ ստեղծվեն մրցունակ, իրական պայամաններ, Հայաստանում կարելի է զարգացնել զբոսաշրջությունը, որը չափազանց կարևոր է պետության կայունացման գործում:

Վերջապես, ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավվածության հիմնական արգելքի վերացման հարցում կա ու կմնա նույն լեզվի ուղղագրության մեջ տարբերության խնդիրը: Առանց այդ հարցի լուծման` վերոնշյալ բոլոր բնագավառներում ցանկացած գործընթաց կարող է խոչընդոտների հանդիպել: Այս հարցը կլուծվի մասնագետների երկուստեք քննարկումների արդյունքում:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up