Սփյուռքահայ մամուլը կորցրել է հայությանն առաջնորդելու ավանդական դերակատարությունը. Ահարոն Շխրտմյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Ահարոն.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում երևանյան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական ուշագրավ առաջարկություններ, քննարկումներ, որոնք, անշուշտ, կդառնան հետագայում գումարվելիք համաժողովների հենքը: «Հայերն այսօր»-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հատվածներ համաժողովի ընթացքում հնչած ելույթներից:
Ահարոն Շխրտմյան
Հայ երիտասարդաց ընկերակցության մամուլի և տեղեկատվության պատասխանատու
Համազգային հայեցակարգի անհրաժեշտությունը հայ մամուլի մեջ
Մամուլը ոչ միայն մարդկանց լուսավորելու միջոց է, այլ նաև առաջնորդող, գաղափարներ մատուցող, աշխարհայացք և հասարակական կարծիք ձևավորող: Հայաստանյան ու սփյուռքյան մամուլը մտահոգություններով, առաջնահերթություններով գտնվում են տարբեր հարթությունների վրա: Յուրաքանչյուրն ունի իր սեփական աշխատանքային դաշտը, միջավայրը, դժվարություններն ու դրանց լուծման եղանակները: Որքանո՞վ է հայ մամուլը գտնվում իր ազգային առաքելության վրա: Բացառությունները հարգելով հանդերձ՝ ցավով պիտի ընդունենք, որ հատկապես սփյուռքահայ մամուլը շատ բան է կորցրել հայ հասարակությունը առաջնորդելու ավանդական դերակատարությունից:
Համացանցը այն պատճառներից մեկն է, որ շատ կտրուկ փոխեց հայ մամուլի դերն ու դրա բովանդակությունը: Եթե անցյալում մամուլն ուներ հայ ինքնության վերականգնումի առաքելություն, այսօր սփյուռքյան մամուլն իր բովանդակության մեծամասնությունը հատկացնում է միայն լրատվությանը: Հայ ընթերցողների թիվը սկսել է նվազել, իսկ ընթերցողների մեծ մասը հայերենի փոխարեն նախընտրում է օտար լեզվով կարդալ որևէ լուր: Հայ խմբագիր, լրագրողը միայն Սփյուռքի նախարարության խորհրդաժողովների ընթացքում չէ, որ պետք է արտահայտի մամուլի մասին իր տագնապը, այլ ամենօրյա ահազանգ պիտի հնչեցնի և պայքար մղի հայ մամուլի նահանջի դեմ: Եթե անհրաժեշտ է, այո´, ինքնաքննադատություն…
Հայ մամուլը սփյուռքի մեջ իր ուրույն դերից շեղվել է ՝ դառնալով քարոզչական մեքենա և երանի դա լիներ միայն ազգային: Մխիթարական չէ նաև սփյուռքահայ մամուլը, իսկ տպագիր մամուլը սկսել է զիջել ընթերցողբների թիվով էլեկտրոնային մամուլին: Ժամանակակաից պահանջներին գոհացում տալու ընդառաջելու պատրվակով լրատվական դաշտը զուրկ է ազգային առաքելության գիտակցությունից: Ուր է հայ մամուլի ապագան, երբ միջազգային հանրածանոթ օրաթերթեր էլեկտրոնային տարբերակը նախընտրում են տպագիրից: Երբևիցէ լրջությամբ քննարկել ենք այս մարտահրավերը: Գալով հայրենական մամուլին՝ այն աչքի է ընկնում հասարակական տրամադրոյթյունների հանդեպ աշխույժ ու աչալուրջ հրապարակումներով, սակայն այստեղ էլ:
Իբրև ազատ մամուլ՝ հայրենական մամուլը գտնվում է ճիշտ ճանապարհի վրա: Ժողովրդավարության ցուցանիշով Հայաստանն այսօր շատ ավելի բարձր դիրքում է, քան հետխորհրդային ժամանակաշրջանի, եվրոպական և այլ ցամաքամասերի բազմաթիվ պետություններ, բայց տագնապ կա մեր հայ մամուլում: Հայրենի և սփյուռքյան մամուլն այսօր որքանո՞վ են հանձնառու հայկական պետականության, ազգային անվտանգության հայեցակարգերին, Արցախի հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորմանը, Արցախի պետականության միջազգային ճանաչման հանձնառությանը կամ Հայոց ցեղասպանությունը իբրև մարդկության պատմության մեծագույն ոճիր ճանաչելու և հետապնդելու աշխատանքների մեջ:
Այս բոլորի մեջ չպետք է մոռանալ, որ սիրողական մամուլին արդեն փոխարինել է արհեստավարժ մամուլը: Այնուամենայնիվ, հայրենի և սփյուռքյան մամուլի միջև փոխգործակցությունը բավական համեստ է: Հայ մամուլն այսօր ավելի քան երբևէ գտնվում է իր ինքնությունը որոնելու աշխատանքների մեջ:
Պատրաստեց՝ Ջուլիետ Մաթևոսյան-Առուշանյանը