Մենք ամեն օր պետք է լուրի առիթ ստեղծենք միջազգային մամուլի համար. Աննա Կարապետյան

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում երևանյան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական ուշագրավ առաջարկություններ, քննարկումներ, որոնք, անշուշտ, կդառնան հետագայում գումարվելիք համաժողովների հենքը: «Հայերն այսօր»-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հատվածներ համաժողովի ընթացքում հնչած ելույթներից:

Աննա Կարապետյան

Չեխիայի «Օրեր» լրատվական կայքի խմբագիր

Տեղեկատվական անվտանգության մարտահրավերների հրատապ խնդիրներ

Այսօր մենք ապրում ենք տեղեկատվական աննախադեպ պատերազմների պայմաններում: Հայաստանը կամա թե ակամա հայտնվել է  այդ պատերազմի ամենաթեժ կետում, սակայն հստակորեն մշակված ռազմավարութունն ակնհայտորեն բացակայում է, և չափազանց հազվադեպ ենք կարողանում մենք համարժեք պատասխաններ տալ: Այդ պատասխանների մեծ մասն էլ ցավալիորեն մնում է հայկական շրջանակներում:

Ամեն օր ադրբեջանական լրատվամիջոցները շատ լավ մշակված ապատեղեկատվություն են տարածում՝ նաև մեր լեզվով: Իսկ մենք համակարգված լրատվական ճակատ այդպես էլ չունենք, մինչդեռ տեղակատվական պատերազմը պակաս վտանգավոր չէ, քան մարտի դաշտինը: Հանրահայտ փաստ է. ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է աշխարհին: Բայց հիմա ավելի ճիշտ է ասել՝ ով ավելի  շուտ է տեղ հասցնում իր ճշմարտությունը, նա է դառնում իրավիճակի վերահսկողը:

Պրահայում հրապարակվող «Օրեր» պարբերականի անունից առաջարկում եմ Եվրոպայի կենտրոնում՝  Պրահայում, հիմնել հայկական եվրոպական լրատվական-վերլուծական մուլտիմեդիա պորտալ, որը կունենա հստակ լրատվական քաղաքականություն, այսինքն կունենա Հայաստանի պետականամետ քաղաքականություն: Կենտրոն, որի հետ կցանկանան խոսել աշխարհի քաղաքական, տնտեսական էլիտան ու փորձագետները՝ ի նպաստ հայաստանյան այսօրվա խնդիրների: Հարկավոր է աշխատանք տանել, որ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի մասին ինֆորմացիայի գուգլյան որոնման ժամանակ գերակշռեն հայկական աղբյուրները: Պետք է ուրախությամբ նշեմ, որ միայն վերջերս առաջին էջին հայտնվում են «Armenpress»-ի ու «Panarmenian.net»-ի լուրերը:

Մի կարևոր բան էլ կա. պետք է աշխատել միջազգային լրատվամիջոցներում աշխատող արդեն հայամետ լրագրողների հետ: Ռոբերտ Ֆիսկը, որ ամեն տարի Ցեղասպանության մասին լուր է տպագրում, այս տարի նաև այսպես կորված «Խոջալուի ջարդերի» մասին գրեց, որովհետև այդ մասրդը տեղյակ չէր ճշմարտությանը, նրա հետ աշխատել էին ադրբեջանական  ուժերը: Աշխարհում ամեն օր այնքան իրադարձություն է տեղի ունենում, որ սպասել, որ միջազգային լրատվամիջոցներն անդրադառնալու են մեզ, ուղղակի միամտություն կլինի: Մենք պետք է ամեն օր լուրի առիթ ստեղծենք: Լինենք ակտիվ՝ գնանք, հարցնենք, անհանգստացնենք միջազգային քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, որպեսզի նրանք հայամետ հայտարարություններ անեն:

Պատրաստեց՝ Ջուլիետ Մաթևոսյան-Առուշանյանը

Scroll Up