Սրբոց թարգմանչաց տոնը Նոր Ջուղայում. լուսանկարներ

Սրբոց թարգմանչաց  տոնի առթիվ, հոկտեմբերի 8-ի առավոտյան, Ս. Ամենափրկչյան Վանքի Ս. «Հովսեփ Արեմաթացի» եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ՝  մասնակցությամբ  Շահինշահր քաղաքի  հայ համայնքի հոգևոր տեսուչ  Տ. Անանիա վրդ. Գուճանյանի, թեմիս քահանայից ու դպրաց դասերի եւ Ս.Ա. վանքի «Կոմիտաս» երգչախմբի: Պատարագը նախագահեց     Սպահանի Հայոց թեմի  նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ  Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեճյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը` ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչները, Հայոց ազգային դպրոցների  աշակերտությունը, տեսչությունները, ուսուցչաց կազմերը, ծնողական խորհուրդները և թարգմանիչ վարդապետների հիշատակը հարգող  այլ հայորդիններ: Եկեղեցական արարողությունից հետո «Խաչատուր Վրդ. Կեսարացու» անվան թանգարանի մուտքի առջև տեղադրված Ս. Մեսրոպ Մաշտոցի և Խաչատուր վրդ. Կեսարացու կիսանդրիների մոտ տեղի ունեցավ  աշակերտական ելույթներ` մասնակցությամբ   Նոր Ջուղայի Հայոց ազգային նախակրթարանի սաների,  «Արմեն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանյան» իգական  եւ  «Կատարինյան»  արական  միջնակարգ  դպրոցների  աշակերտության:  Օրվա առթիվ ելույթ ունեցավ Իրանի Իսլամական Խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր  Ժորժիկ Աբրահամյանը:

Միջոցառման ընթացքում  հուշանվերներով պարգևատրվեցին Ս.Ա. վանքի «Ս. Ներսես Շնորհալի»  և դպրոցների գրադարանների ամենաշատ գիրք ընթերցած    աշակերտ-ուհիներ` Նելի Ղազարյանը, Սինթիա Պողոսյանը, Էդրին Թորոսյանը,  Էրվին  Բաղրամյանը, Արամե Խաչատրյանը, Տեսիլ  Գալստանյանը, Մարինե Խաչատրյանը, Մելվին Թորոսյանը, Արփինե Մովսիսյանը, Լիլիթ Հովսեփյանը և Վանանդ Իսաղուլյանը, ինչպես նաև՝ «Ն.  Շնորհալի» գրադարանում կայացած  «Հեքիաթների  հերոսները» խորագրով նկարչության  մրցույթի հաղթող` Անայիս Բաբայանը:

Վերջում Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեճյանը օրվա առթիվ իր պատգամը հղեց  ներկաներին:

Օրհնությամբ և շնորհավորական խոսքերով լի  տոնն իր ավարտին հասավ   վանքի բակում ամփոփված «Քանանյան»  իգական դպրոցի հիմնադիր Վառվառե Քանանյանի շիրիմաքարի մոտ, ուր ձևավորված ավանդույթի համաձայն դպրոցի աշակերտությունը՝ տեսչության և ուսուցչական կազմի հետ  միասին ծաղիկ խոնարհելով՝ միասնական աղոթքով  հարգեցին բարերարուհու հիշատակը:

Լուսանկարները` հեղինակի

ՋուղաՋուղա1Ջուղա2Ջուղա3Ջուղա4Ջուղա5 Ջուղա7Ջուղա8Ջուղա9Ջուղա10Ջուղա11Ջուղա12Ջուղա13Ջուղա14Ջուղա15Ջուղա16

Scroll Up