Բաց դռների օր Կրասնոդարի «Արմատ» դպրոցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/արմատ.jpg)
Արմատներ ունեցող ծառը ապրում է հարյուրավոր ու հազարավոր տարիներ՝ ամուր կառչած իր հողին, սնվելով ու սնելով, ինքնավստահ, կայացած։ Հայրենիքին նվիրված, ազգային ավանդույթներով տոգորված մարդը նման է այս ծառին։ Աշխարհաքաղաքացին անդեմ և անհենարան ամպի նման ազատ ճախրում է երկնքում և տարուբերվում ամեն մի քամուց՝ անհեռանկար և անհասցե։ Հարավային Ռուսատանի Հայոց Թեմի «Արմատ» դպրոցի ուսուցիչները և ղեկավարները համոզված են, որ առաջինը ավելի հետաքրքիր և էական երևույթ է։ Այդ համոզմունքով էլ արդեն տասներորդ ուսումնական տարին համառորեն սնուցում են Կրասնոդարի հայ մանուկների և պատանիների կամա թե ակամա պատվաստ ընդունած արմատները, նրանց հաղորդում հայրենիքի ջերմությունն ու ավյունը։
Հոկտեմբերի 2-ին այստեղ մեկնարկեց հերթական ուսումնական տարին։ Բաց դռների օրը «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի հոյակերտ շենք էր բերել հարյուրավոր մարդկանց, որոնց դպրոցը ներկայացավ նոր կարգավիճակով՝ որպես պետականորեն արտոնագրված լրացուցիչ կրթության կենտրոն։ Հիանալի կազմակերպված կուռ ծրագրով, այցելուները սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում սբ. Պատարագ լսելուց հետո հայրենասիրական երգերի ելևէջների և ուղղորդող հրահանգների ուղեկցությամբ բարձրացան դահլիճ։ Այստեղ կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս Թաշջյանի և փոխտնօրեն Ալեքսանդր Բարսեղյանի ողջույնի խոսքերին հաջորդեցին կենտրոնի գործունեության և նպատակների վերաբերյալ պարզաբանումներ։ Ապա՝ բոլոր հետաքրքրվողները շրջեցին դասարանից դասարան, որտեղ արդեն գրանցված աշակերտներին վարպետության դասեր էին տալիս մանկավարժներ Մեքսիդա Հովհաննիսյանը, Երազիկ Հարությունյանը, Արշալույս Երեմյանը, Մարգարիտա Վարդանյանը, Սրբուհի Սաֆարյանը, Վալենտինա Մուրադյանը, Քրիստինա Խալաթովան, Կալիսա Տիգրանյանը և Կարինե Եղիկյանը։
Մանկավարժներն ու աշակերտները անսահման շոյված էին Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Մովսես Եպիսկոպոս Մովսեսյանի, բարերար Կարեն Գրիգորյանի և եկեղեցու խաչքավորների այցելությունից։
Կազմակերպչական խմբի բոլոր անդամները՝ լուսանկարիչներ Էմիլ Դոկտորյանը և Էսթեր Արզումանովան, տեսագրողներ Սուրեն Տեր-Կարապետյանը և Վլադիմիր Ջալավյանը, նկարիչ Նիկոլայ Միրումյանը, հաղորդավարներ Բորիս Ավետիսյանը և Տիգրան Հովհաննիսյանը՝ Անի Միրումյանի ղեկավարությամբ և Երիտասարդական կազմակերպության կամավորների աջակցությամբ, շաղկապեցին օրվա բոլոր ստեղծագործական հատվածները և գոհացրին այցելուներին։
«Ուրարտու» դասարանում հայրենագիտության դասը նվիրված էր հայ ժողովրդի դարեդար պաշտած յոթ սրբությունների իմաստավորմանը, «Խաչքար» դասարանի սովորողները Երևանի մոտալուտ օրվան նվիրված նյութեր էին ուսումնասիրում, «Փոքր Մհեր» դասարանի ամենակրտսեր սաները աջ ձեռքերը հանդիսավորությամբ սեղմած ձախ կրծքերին արտասանում էին՝
Իմ սե՛ր, իմ կյա՛նք, իմ երազա՛նք,
Իմ տու՛ն, իմ հու՛յս, իմ հոգու լու՛յս,
Ծիրանագույն իմ բուրաստա՛ն,
Հավերժ պայծառ ի՛մ Հայաստան։
Եվ նրանց մատաղ հոգիներում ձևավորվում էր հայրենիքի սրբասուրբ կերպարը։
Այսպես, դպրոցի բոլոր 10 միավորումներում տարբեր ձևերով, մեթոդներով և ուղղություններով, հմուտ մանկավարժների ձեռքերում մարմին ու շունչ է առնելու իր արմատներին հավատարիմ, ինքնավստահ, ժամանակակից գիտելիքներով զինված հայ պատանու լուսավոր անհատականությունը, և հայի ուժեղ ոգին թևածելու է ողջ հայաշունչ տարածքում։ Բարի գալուստ Կրասնոդարի բոլոր արյան կանչին հլու հայերին։
Երազիկ Հարությունյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»