Ակնկալում եմ միջազգային հանրության օգնությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում.Հռոմի պապ
Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը կօգնի խնդրի կարգավորման հարցում, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ես լիահույս եմ, որ միջազգային հանրությունը կկարողանա իր օգնությունը տրամադրել այս հարցում: Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ և հակամարտությունում ներգրավված կողմերի բարի կամքով Կովկասը կլինի այն վայրը, որտեղ երկխոսության և բանակցությունների շնորհիվ վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն, կհաղթահարվեն», — ասել է Պապը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապի այցն Ադրբեջան կարճատև է եղել. կաթոլիկների հովվապետը Վատիկան է վերադարձել նույն օրը երեկոյան:
Այցելության շրջանակում Պապը Սուրբ պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Աստվածամայր կաթոլիկ եկեղեցում, այնուհետև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: