Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Անտվերպենում

Սեպտեմբերի 25-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում «Նուարդ» մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպվել է երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Այս մասին «Հայերն այսօր»ին հայտնում են «Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայությունից:

Երեկոն վարել է «Նուարդ» մշակութային միության նախագահ Գևորգ Մինասյանը, ով խոսել է մեր երկրի պատմական անցյալի ու ներկայի մասին, ներկաներին շնորհավորել 25-ամյա անկախության առթիվ:  Լեփ-լեցուն դահլիճը ջերմորեն է ընդունել միության «Բարեկամություն» պարախմբի մանկական և երիտասարդական խմբերի, ճանաչված ջութակահար Արա Հակոբյանի, երգիչ, նկարիչ Լևոն Թադևոսյանի, երաժիշտ-երգիչ Հարություն Հարությունյանի, այլ անհատ կատարողների ու խմբերի ելույթները:

Համերգից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտել են գեղանկարիչ Գեղամ Մելիքյանի դիմանկարների ցուցահանդեսը: Համերգ-երեկոյի ավարտին կայացել է նաև՝ 3-րդ դարից մինչև մեր օրերը Բելգիայում հաստատված հայերի մասին պատմող Գևորգ Մինասյանի «Բելգիան և հայերը» գրքի շնորհանդեսը:

Scroll Up