«Այսօր արդեն ամբողջական հայ ենք». Պալյան ամուսինները ՀՀ քաղաքացիություն ստացան

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանին և կնոջը՝ Մարի-Լուիզ Պալեանին՝ ՀՀ անձնագիր ստանալու կապակցությամբ:
Շնորհավորելով Պալյան ամուսիններին ՀՀ քաղաքացիություն ստանալու առթիվ՝ Հրանուշ Հակոբյանն արժևորեց նրանց ազգանվեր գործունեությունը, արևմտահայերենի պահպանման, տարածման և սերունդներին փոխանցելու, ոսկեղենիկ մայրենին անաղարտ պահելու, սփյուռքում մայրենի լեզվի ուսուցման, օտար միջավայրում հայ դեռահասների լեզվամտածողության ձևավորման մտահոգությունը:
Նա մասնավորապես նշեց. «Այսօր ձեր կյանքի ամենապատմական, ամենահիշարժան ու ամենակարևոր օրերից մեկն է: Այսօր կրում եք ՀՀ քաղաքացու անունը: Այսքան տարի ապրել եք դրսում, բայց մնացել եք իսկական հայ՝ ձեր գործով ու օրինակով ոգևորելով շատ հայ երիտասարդների: Այսօր արդեն ձեր երկրի քաղաքացին եք: Շնորհավորում եմ»:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության ու գնահատանքի խոսքերի համար: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր ու ծրագրեր:
Մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, հայապահպանության ոլորտում ունեցած ներդրման համար Հակոբ Պալյանը 2014թ. պարգևատրվել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» և ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով:
Հակոբ Պալեանն այսօր էլ ակտիվորեն շարունակում է համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ մասնակցելով Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կազմակերպված համահայկական միջոցառումներին, ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական 5-րդ,Գրողների համահայկական 6-րդ, Լրագրողների, «Արևմտահայերենի ուսուցման արդի վիճակը», «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովներին:
Սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը ծնվել է 1935թ., Լիբանանի Ալեքսանդրեթ նահանգում: Նախնիները Կիլիկիայի Տէօրթ-Եոլ (Չորք-Մարզան) քաղաքից են: Պալեանների տոհմը Արևելյան Հայաստանից է, Ղափանից, որտեղից գաղթել են Սիրիա, Հալեպ, այստեղից էլ Ալեքսանդրեթ: Հետո տեղափոխվել են Հոմս, Բեյրութ: 1948թ. ավարտել է Բեյրութի Աբգարյան վարժարանը, 1956-ին՝ Հալեպի Քարէն Եփփե ճեմարանը: 1958-61թթ. աշխատել է նույն ճեմարանում՝ որպես հայերենի ուսուցիչ: 1961-1974թթ. Բեյրութում դասավանդել է ֆրանսերեն: Միաժամանակ բարձրագույն կրթություն է ստացել ֆրանսիական համալսարանում (Ֆրանսական Բարձրագոյն Կաճառ)՝ որակավորվելով որպես ֆրանսերենի և փիլիսոփայության մագիստրոս և ուսուցիչ: Դասավանդել է նաև Բեյրութի Ս. Նշան վարժարանում և «Նշան Փալանճեան» ճեմարանում:
1974-ից տեղափոխվել է Ֆրանսիա, ուր Համազգայինի կարգադրությամբ հիմնել է Մարսելի ճեմարանը, Փարիզում աշխատել է որպես հայկական ռադիոժամի տնօրեն, միաժամանակ «ԿԱՄՔ» օրաթերթի խմբագիր: Ավելի քան տասը տարի՝ մինչև 2015թ. վերջը, ղեկավարել է «ԲԱԳԻՆ» գրական հանդեսի խմբագրությունը: Եղել է Համազգայինի Կեդրոնական վարչության անդամ:
Գրական, հրապարակախոսական բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, հրատարակել է 17 գիրք: