Բարերար չորս ընտանիք հայաստանյան մեկ համայնքում

Խաչարձան համայնքում /Տավուշի մարզ/ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց գյուղի նորակառույց մարզահամալիրը, խմելու ջրի վերակառուցված համակարգն ու նորաստեղծ պուրակը: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:
Նախորդ տարիներին Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների միջոցներով այստեղ կառուցել է բուժկետ, հանդիսությունների սրահ, վերակառուցել համայնքի դպրոցը, հիմնել է ջերմոցներ /Ավստրալիայի տեղական մարմին/: Միաժամանակ, խաչարձանցիներից շատերը Հիմնադրամի սոցիալական աջակցման եւ գյուղատնտեսական ձեռնարկների շահառուներ են: Այս ծրագրերը էապես խթանում են գյուղի համընթաց զարգացումը եւ կայուն եկամտի հնարավորություններ ստեղծում տնտեսությունների համար:
Բացման հանդիսությունը կայացավ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, բարերար արգենտինահայ Կալչիյան, Ավագյան, Թերզյան, Անաք ընտանիքների եւ սփյուռքից ժամանած ավելի քան չորս տասնյակ հյուրերի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լեւոն Սարգսյանը եւ Կարեն Ադամյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, պաշտոնյաներ, հյուրեր:
«Որախությամբ պետք է նշեմ, որ մեր սփյուռքահայ բարերարների ներդրումը Խաչարձան համայնքում արդեն իսկ գերազանցում է 500 միլիոն դրամը: Մեր ցանկությունը մեկն է, որ մեր գյուղերի բնակիչները մնան ու շենացնեն իրենց հողը»,- ողջույնի խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Տոնական օրը հիշարժան էր նաեւ նրանով, որ բարերարների մասնակցությամբ ու հովանավորությամբ այդ օրը մկրտվեց համայնքի 130 բնակիչ: Համայնքին ուղղված իր մաղթանքի խոսքում Սրբազան հայրը կարևորեց հոգևոր կրթության դերը հայ ընտանիքում:
Ջրամատակարարման համակարգի վերակառուցման եւ ներքին ցանցի կառուցման շնորհիվ համայնքի 146 տնտեսություններն արդեն ունեն շուրջօրյա ջրամատակարարում: Կենսական այս ծրագիրն իրագործվել է Ավագյան, Կալչիյան եւ Թերզյան ընտանիքների միասնական օժանդակությամբ:
Նորակառույց մարզահամալիրն էլ կյանքի է կոչվել Թերզյան ընտանիքի հովանավորությամբ՝ ի հիշատակ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մարիա Թերզյանի: «Դուստրս՝ Մարիան, երեք երազանք ուներ, որոնցից մեկը հայաստանցի իր հասակակից երեխաներին օգնելն էր: Այսօր, տեսնելով այս գեղեցիկ մարզահամալիրը, կարող եմ ասել, որ նրա այդ երազանքը իրականացել է»,-իր հուզառատ խոսքում նշեց Քրիստինե Թերզյանը:
ժամանակակից այս կառույցը՝ դահլիճով, հանդերձարաններով, ցնցուղարաններով, կահավորված ու համալրված սպորտային գույքով, կծառայի մինիֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի խաղերին եւ մարզասարքերով պարապմունքներին: Համալիրի պայմանները հնարավորություն են տալիս հյուրընկալել նաեւ մարզային միջոցառումներ: Կից կառուցվել է բացօթյա սպորտհրապարակ, որտեղ իրենց ֆիզիկական պատրաստվածության դասերը կանցկացնեն գյուղի դպրոցականները:
Նորաստեղծ պուրակը, որը հովանավորները «Հավատքի պուրակ» են անվանել, կառուցվել է Անաք ընտանիքի միջոցներով՝ ի հիշատակ իրենց հոր՝ Սարգիս Այվազիան Անաքի, եւ խորհրդանշում է գյուղի առաջընթացը: Կանաչ տարածքը՝ համալրված նստարաններով հարմարավետ պայմաններ է ստեղծում գյուղացիների հանգստի ու ժամանցի համար: Հանդիսության օրը նշանավորվեց նաեւ պուրակի նորակերտ խաչքարի բացմամբ:
Խաչարձանը գտնվում է Գետիկ գետի ափին: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի: Գյուղն ունի ավելի քան 420 բնակիչ, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են: