Կալիֆորնիայի հայ համայնքը պատրաստվում է դիմավորել Կարո Փայլանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/PaylanWeekend1.jpg)
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը սեպտեմբերի 24-26-ին պատրաստվում է այցելել ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի հայ համայնքին ու մասնակցել մի շարք միջոցառումների: Մասնավորապես՝ գիտական համաժողովի, հայ համայնքի հետ ընթրիքի, հայկական եկեղեցում պատարագի, նաեւ Asbarez պարբերականի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական (HDP) կուսակցությունը ներկայացնող Կարո Փայլանը, ով շատ ակտիվ է Ստամբուլի հայ համայնքին առնչվող հարցերում, պատրաստվում է Կալիֆորնիա կատարելիք այցի շրջանակում անդրադառնալ նաեւ Թուրքիայում եւ ընդհանուր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Փայլանը Թուրքիայում մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ սոցիալական արդարության ակտիվ պաշտպան է: Նա կմասնակցի Թուրքիայում եւ տարածաշրջանում վերջին իրադարձություններին նվիրված քննարկումներին: Մինչ պատգամավոր ընտրվելը, Փայլանը աշխատել է HDP-ի կենտրոնական գրասենյակում: Նա երկար ժամանակ նպաստել է Թուրքիայում երկլեզու կրթությանը եւ ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի իրավունքների իրացմանը: Փայլանը դեմ է հանդես գալիս ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը: Նա ակտիվ մասնակցություն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների, Հրանտ Դինքի սպանության գործով իրազեկվածության մեծացմանը: