Լիսաբոնի հինգ մարտիկների հիշատակին նվիրված հուշ-երեկո Նոր Ջուղայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/հինգ-մարտիկներ11.jpg)
Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության Սկաուտական միավորի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 22-ի երեկոյան միության հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո` նվիրված 1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում զոհված հինգ մարտիկների հիշատակին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը:
Միջոցառման սկզբում միավորի Արի-արենուշական հատվածների միջոցով կատարվեց դրոշակի արարողություն, ապա միավորի Գերագույն մարմնի խոսքն ընթերցեց ձեռնարկի հաղորդավարուհի Վեհանուշ Խուդաբախշյանը, որում մասնավորապես ասված էր. «Այսօր մենք պատրաստված ենք զգալու Լիսաբոնի հինգ մարտիկների նահատակության եւ երազի քաղցրությունը եւ ունենալու նույն երազի ճամփան` հաստատելով, որ այսօր մենք պետք է ժամանակաշրջանի նոր շնչով գծենք այն նույն քարտեզը, որ փորձեցին գծել մեր նախնիներն իրենց արյամբ»:
Բացման ծրագրից հետո ներկանները ունկնդրեցին Լիսաբոնի հինգ մարտիկների կենսագրությունները, որը ներկայացրեցին Վանիա Պետրոսյանը, Տաթեւիկ Տեր-Մարտիրոսյանը, Անի Մկրտչյանը, Սիփան Անդրիասյանը եւ Վարագ Փանոսյանը: Գեղարվեստական հայտագրում «Զինվորի երգը»՝ նվագակցությամբ Շանթ Մելքոնյանի, կատարեց Արայիկ Սիմոնյանը, ապա Դվին Հովհաննիսյանը եւ Թանգիկ Միրզախանյանը հերթաբար հանդես եկան «Տուն իմ հայրենի» եւ «Հայ զինվոր» երգերով, իսկ Նարեգա Սիմոնյանը ասմունքեց Վահագն Դավթյանի «Ես՝ Հայաստան, ես` քարե» բանաստեղծությունը, որոնք ընդմիջվեցին 1983 թ. հուլիսի 27-ին հինգ մարտիկների անձնազոհական ակտի ժամանակագրական մանրամասնությունների ընթերցմամբ` Վանիա Պետրոսյանի միջոցով:
Հաջորդիվ երաժշտական նորաստեղծ «Դումահ» խումբը, մասնակցությամբ Արայիկ Սիմոնյանի, Մամբրե Թահմազյանի, Սերգեյ Փանոսյանի եւ Շանթ Սարյանի կատարեցին «Հայրենիք» երգը: Գեղարվեստական մասը եզրափակվեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության Սկաուտական միավորի կատարմամբ` «Ազգ իմ փառապանծ» խմբերգով:
Երեկոյի ավարտին գնահատագրերով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին հուլիսի 20-ից 25-ը կայացած հինգ մարտիկներին նվիրված ֆուտբոլի մրցաշարի առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած «Արցախ» եւ «Արարատ» խմբերի մարզիկները եւ մրցավարներ` Կարո Շահբազյանը, Միշել Ղազարյանը, Մասիս Հայրապետյանը, Էդմոնդ Բաղդասարյանը, Թոմիկ Նահապետյանը եւ Սեւան Դարաբիդյանը, նաեւ մրցությունների ընթացքում դարպասը ամենաշատ գնդակ նետած Ռուբեն Իսաղուլյանը եւ ամենալավ վարք ցուցաբերած Հրատ Ղուկասյանը: Մրցաշարի շրջանակում կազմակերպվել էր նաեւ ընկերական մանկապատանեկան խաղ` միության ֆուտբոլի խմբի սաների մասնակցությամբ, որոնք եւս պարգեւատրվեցին գնահատագրերով (մանկապատանեկան խմբի մարզիչներն են Սերժիկ Ասատրյանը եւ Էդո Թորոսյանը):
Գնահատագրերը հանձնեցին Միության կենտրոնական վարչության եւ Սկաուտական միավորի գերագույն մարմնի ներկայացուցիչները: