Օզդեմիր. Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ
Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Մեդիամաքսին ասել է, որ Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը բեկանման ենթակա չէ:
«Գրեթե միաձայն Բունդեսթագը ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Ուստի միայն Գերմանիայի Բունդեսթագը կարող է այդ բանաձեւը տնօրինել, քանի որ հենց Բունդեսթագն է՝ որպես սահմանադրական մարմին, որոշում կայացրել այդ բանաձեւի բովանդակության եւ կառուցվածքի վերաբերյալ», – Մեդիամաքսի հետ զրույցում ասել է ազգությամբ թուրք գերմանացի խորհրդարանականը:
Լուսանկարը` REUTERS
Նա ընդգծել է, որ «Գերմանիայի Դաշնային կառավարությունը կիսում է այն տեսակետները, որոնք ներկայացված են բանաձեւում»:
Ջեմ Օզդեմիրը շեշտել է, որ բանաձեւի ընդունմամբ գերմանացի խորհրդարանականները առաջնային ցանկացել են ընդգծել, որ այսօրվա Գերմանիան ընդունում է 1915 թվականին տեղի ունեցածում Գերմանական կայսրության մեղքը եւ ձախողումը:
«Երբեք նպատակ չենք հետապնդել ինչ-որ կերպ մեղադրել Թուրքիայի ներկայիս իշխանություններին: Մենք հույս ունենք, որ Թուրքիան պատրաստակամություն կցուցաբերի եւ քննարկումներ կկազմակերպվեն այս թեմայով: Կարեւոր է, որ Հայաստանը եւ Թուրքիան զարգացնեն լավ եւ բարիդրացիական հարաբերություններ», – Մեդիամաքսին ասել է «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահը: – See more at: http://www.mediamax.am/am/news/armeniaturkey/19740/#sthash.hVa36F9n.dpuf