Պատմում են «Արի տուն» ծրագրի «հնաբնակները» …

Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»-2016թ. ծրագիրը՝ հայրենաճանաչության, ազգային ոգու և մտածելակերպի, հայ մնալու կարևոր առաքելության մի մեծ դարբնոց դառնալով սփյուռքահայ երիտասարդների համար:

Ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի ընթացքում «Արի տուն» ծրագրի ճամբարային օրերում ընդգրկվել էին նաև նախորդ տարիներին ծրագրին մասնակցած սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները…

«Հայերն այսօր»ի առաջարկով ծրագրի «հնաբնակները» կիսվեցին իրենց վերհուշով, որն ամեն անգամ մտաբերելիս՝ ջերմացնում է նրանց հոգին, պարուրում անհուն բերկրանքով:

2

Արփի Պետրոսյան, 18 տարեկան, Իրաք

Տեսնելով այդքան սփյուռքահայ երիտասարդների մեկ վայրում հավաքված՝ հոգիս հպարտությամբ էր լցվում և միաժամանակ հուզվում էի: Մտածում էի, թե որքան հզոր, հավաքական ուժ են հայերն իրենցից ներկայացնում:

2013 թվականին «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ ավելի խոր գիտակցեցի, թե ինչ է նշանակում հայրենասիրությունը, վերարժևորեցի հայ լինելու իրական արժեքն ու ավելի կապվեցի Հայրենիքիս:

Տպավորվել եմ հատկապես շրջայցերից և մեր ջանքերով ճամբարում կազմակերպված տոնական միջոցառումից: Հիշում եմ՝ փորձերին սրտի թրթիռով և պատասխանատվության մեծ զգացումով էինք պատրաստվում, որպեսզի հավուր պատշաճի ելույթ ունենայինք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և մյուս հյուրերի առջև:

IMG_0418

Անուշ Աբրամյան, 20 տարեկան, Մոսկվա

Ես նույնպես  2013 թվականին եմ  մասնակցել  «Արի տուն» ծրագրին:

Ինձ համար երկշաբաթյա ծրագրի ընթացքում ամենավառ հիշողություններից մեկը ճամբարում կազմակերպված հայկական ավանդական հարսանիքի արարողությունն էր, որը չափազանց ուրախ մթնոլորտում անցավ: Այս միջոցով պատկերացրեցինք, թե ինչպիսին պետք է լինի իրական հայկական հարսանիքը: Շատ հետաքրքրիր և ուսանելի նախաձեռնություն էր: Իսկ հրաժեշտի պահին մեծ սթրես ապրեցի, քանի որ չէի ուզում բաժանվել իմ` արդեն հարազատ դարձած ընկերներից:

Մոսկվայում միշտ հիշում եմ «Արի տուն» ծրագրի մասին. հաճախակի լուսանկարներն ու հոլովակներն եմ նայում՝ մտովի տեղափոխվելով դեպի Հայաստան: Ես հայերեն գրեթե չէի խոսում, սակայն ծրագրին մասնակցելով՝ բավականին առաջընթաց ունեցա Մայրենիով խոսելու ուղղությամբ. հիմա արդեն հայերենով և՛ խոսում, և՛ գրում եմ:

«Արի տուն» ծրագիրը մեծ նշանակություն ունեցավ նաև հիանալի ընկերներ ձեռքբերելու պատճառով: Ամռանը միասին Հայաստան գալով՝ հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ հիշելով ծրագրում անցկացրած մեր անհոգ օրերը:

Ուզում եմ ասել՝«Արի տուն» ծրագիրը հրաշալի մտածված ծրագիր է, քանի որ կարողանում ենք Հայաստան այցելել, տեսնել պատմամշակութային վայրերը և ավելի կապվել Հայաստանին: Թո՛ղ Սփյուռքի բոլոր պատանիներն ու աղջիկներն անպայման  գան ու մասնակցեն այս կարևոր, հայապահպան  ծրագրին:

Ի դեպ, այս տարի նաև մասնակցեցի ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացներին, որից հետո ինձ առաջարկեցին Ծաղկաձորում մասնակցել հավաք-հանդիպմանը:

K

Կարին Օսկանյան, 17 տարեկան, Իրաք

Մինչև հիմա ժպիտով եմ հիշում ծրագրում անցկացրած լուսավոր օրերը, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու են ինձ:

Երբեք չեմ մոռանում Աղավնաձորի ճամբարն ու հրաժեշտի խարույկը, երբ կրակի շուրջ երգեցինք ու պարեցինք: Իսկ ճամբարային վերջին օրը բոլորս արթուն մնացինք՝ ամփոփելով մեր շրջագայությունը Մայր հայրենիքում:

Ազդեցիկ էր շատ բաժանման պահը. հուզված էինք և չէինք կարողանում հեռանալ միմյանցից. ես անդադար արտասվում էի:

Ծրագրի միջոցով մտերմացած ընկերներիս հետ համացանցի միջոցով մինչև հիմա կապը պահպանում եմ. տարբեր առիթների դեպքում խոսում ենք իրար հետ՝ հետաքրքրվելով ուսումնական առաջընթացով և հետագա անելիքներով:

Ոգևորությամբ, առանց տատանվելու ընդունեցի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նախաձեռնած «Արի տուն» ծրագրի նախորդ տարիների մասնակիցների հավաք-հանդիպման հրավերը: Այս մի քանի օրերի ընթացքում նորից վերապրեցի հայրենասիրական զգացումները, որոնք ստացել էի 2013 թվականին ծրագրին մասնակցելու ժամանակ:

Գևորգ  Չիչյան

Scroll Up