Դեռևս չեմ կարողանում լիովին բացահայտել Հայաստանն ու հայերին. Օլե Մելդգարդ

Հայ-դանիական «Դանարմեն» միությունը հիմնվել է 2005 թվականին` Աննա Կարապետյանի կողմից, որն այսօր միության փոխնախագահն է: Աննան գործունեություն է ծավալում նաև Կոպենհագեն քաղաքի գործադիր մարմնի կամավոր սոցիալական աշխատանքների «Կամավորականների կենտրոն» կոմիտեում: «Դանարմեն» միությունը «Աշխարհի մշակութային կենտրոն» կառույցի անդամներից է:
«Դանարմեն» միության ներկայիս նախագահը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ դանիացի Օլե Մելդգարդն է, որը «Հայերն այսօրի» հետ զրույցում խոսեց միության կողմից իրականացվող աշխատանքների, ծրագրերի, ինչպես նաև հայ ժողովրդին անթաքույց սիրելու գաղտնիքի մասին:
«2001 թվականից սկսած՝ ակտիվորեն բարեգործական, մարդասիրական ծրագրեր ենք կազմակերպում Հայաստանում՝ աջակցելով անօթևաններին, ծերերին, մանկապարտեզներին, սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչներին, ինչպես նաև դրամական և հումանիտար օգնություններ ենք տրամադրում: Միության անդամների ջանքերով Հայաստան արդեն շուրջ 58. 968 կգ բեռ ենք ուղարկել՝ 66.728 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Առհասարակ, բարեգործություն կատարելով՝ ինձ հոգեպես խաղաղ և խղճիս առջև հանգիստ եմ զգում: Գիտակցում եմ՝ ինչ-որ չափով կարողանում եմ օգտակար լինել դժվարին պայմաններում հայտնված մարդկանց, որոնց ձեռք մեկնելու անհրաժեշտություն կա»,-ասաց Օլե Մելդգարդն ու հավելեց, որ միությունը ստեղծման օրվանից մինչև հիմա բարեգործական և սոցիալական ձեռնարկներով զբաղվելուց բացի, Աննա Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպում է տարբեր ազգանվեր, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը նպաստող միջոցառումներ, ցուցահանդեսներ, նշում է նաև եկեղեցական, ազգային և պետական տոները:
Միությունը տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցել և շարունակում է աջակցել ոչ միայն Հայաստանում հաստատված սիրիահայերին, այլև հենց սիրիահայ համայնքին: Նախապես ճշտում են շահառուների ցուցակը և ըստ անհրաժեշտության՝ օգնություն ուղարկում:
Օլե Մելդգարդի վստահեցմամբ՝ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության արդյունքում ցանկանում են ամրապնդել հայ-դանիական հարաբերությունները և խթանել երկու պետությունների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ամրապնդմանը:
«Հայաստանը մեզ համար առանձնակի տեղ է գրավում հատկապես այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության արհավիրքն է տեսել, և ինչպես գիտենք, Ցեղասպանությունից փրկված որբուկներին նաև դանիացի միսիոներուհիներն են խնամել և հոգ տարել:
Սիրով եմ աշխատում հայերի հետ, քանի որ նրանց կողմից աշխատանքի հանդեպ պրոֆեսիոնալիզմ եմ նկատում և մարդկային անկեղծ վերաբերմունքի արժանանում: Արդեն 33 անգամ եղել եմ Հայաստանում, սակայն դեռևս չեմ կարողանում լիովին բացահայտել Հայաստանն ու հայերին, միշտ տեսնելու և սովորելու բան լինում է. հայերը հյուրընկալ, բարի ժողովուրդ են, ես ինձ Հայաստանում շատ լավ եմ զգում»,-նշեց Օլե Մելդգարդը:
Խոսելով Դանիայի հայկական համայնքի մասին՝ Օլե Մելդգարդը շեշտեց, որ կազմակերպված, ակտիվ համայնք է գործում. հայերը կարողանում են շատ արագ ինտեգրվել դանիական հասարակությանը, իսկ դանիացիներն էլ հետաքրքրված են Հայաստանով, հայկական մշակույթով, հատկապես՝ ճարտարապետությամբ և երաժշտությամբ: Դա է վկայում Դանիայում հաճախակի կազմակերպվող հայ արվեստագետների երաժշտական ելույթները:
Հայաստան այցելելիս՝ Օլեն սիրում է զբոսնել երևանյան փողոցներով, լեռներն ու ձորերը բարձրանալ՝ շնչելու մաքրամաքուր, զուլալ օդը, վայելելու չնաշխարհիկ բնությունը: Նա տպավորված է ժայռերի մեջ ծվարած հին հայկական փոքրիկ եկեղեցիներով, խաչքարերով, որոնցից կախարդական, անբացատրելի ուժ է ստանում:
Հավելենք նաև, որ «Դանարմեն» միությունն ակտիվ համագորածկցում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Դանիայի հայ համայնքում տեղի ունեցող իրադարձությունների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր են փոխանակում՝ պահպանելով մշտական կապը: Իսկ միության նախագահ Օլե Մելդգարդը, հունիսին Հայաստան կատարած այցելության ժամանակ, Դանիայի հայ համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ակտիվ մասնակցելու և աջակցելու համար արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրի:
Գևորգ Չիչյան