Երևանում կայացավ լիբանանահայ գործիչներ Զավեն Մ. Մսրլյանի և Հովսեփ Արթինյանի գրքերի շնորհանդեսը
Օգոստոսի 19-ին Թեքեյան մշակութային միությունում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնակցեց Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագրության կողմից կազմակերպված լիբանանահայ գործիչներ Զավեն Մ. Մսրլյանի և Հովսեփ Արթինյանի գրքերի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցում էին Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Բլքյանը, վարչության անդամներ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մտավորականներ, գրողներ և ուրիշներ:
Հայերն այսօրի փոխանցմամբ՝ Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը հանդես գալով բացման խոսքով` ասաց. «Այսօրվա շնորհանդեսը խորհրդանշական կարելի է համարել, քանի որ «Զարթոնք» օրաթերթն իր գործունեության ամբողջ տարիների ընթացքում առաջին միջոցառումն է իրականացնում Հայաստանում: Սա նախաքայլն է «Զարթոնք»-ի գրասենյակը Երևանում բացելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Շնորհանդեսը տեղի է ունենալու նաև Բեյրութում, սակայն ցանկացանք նախևառաջ գրքերը Մայր հողի վրա ներկայացնել»:
Իր հորը նվիրված՝ Զավեն Մ. Մսրլյանի «Մկրտիչ Մսրլյանի ազգային-քաղաքական գործունեությունը» աշխատությունը ներկայացրեց Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը:
Նա անդրադարձավ քսաներորդ դարի 30-40-ական թվականներին Մերձավոր Արևելքի երկրներում հայտնի գործարար, բարերար, Ռամկավար ազատական կուսակցության անդամ և Հայ բարեգործական ընդհանուր միության անդամ, ազգային-քաղաքական գործիչ Մկրտիչ Մսրլյանի բազմաբեղուն գործունեությանը, նրա անցած ուղուն:
Հովսեփ Արթինյանի «Գուրգեն Յանիգյանի արարքի արձագանքների և հայ-թուրքական հակամարտության մասին հրապարակումների մատենագրություն» աշխատությունը ներկայացրեց հալեպահայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Թորոս Թորանյանը:
Իր խոսքն ասաց նաև ազատ լրագրող և պատմաբան Գևորգ Յազիչյանը, որը մասնակցություն էր ունեցել Հովսեփ Արթինյանի գրքի աշխատանքներում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը` նշելով, որ նման աշխատությունների հրապարակումն ու դրանք հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելը՝ Սփյուռքը ճանաչելու, ընկալելու և հայապահպանության կարևոր ուղիներից մեկն է:
Նախարարի տեղակալը բարձր գնահատեց Մկրտիչ Մսրլյանի անցած ուղին և նշեց, որ լինելով Թեքեյան մշակութային միության, «Զարթոնք» օրաթերթի, «Անի» գրական ամսագրի հիմնադիրներից և հովանավորներից՝ նա մեծապես նպաստել է հայապահպանությանը, գործ, որը մեծ նվիրվածությամբ շարունակում են նոր սերունդները: Հայ ժողովուրդը պետք է ճանաչի և գնահատի գործչին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծմանը, այնուհետև Մեծ ներգաղթի կազմակերպմանը և բազում այլ ազգային ձեռնարկների իրականացմանը, ով Ս. էջմիածնին, Անթիլիասի դպրեվանքին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը, լիբանահայ թեմին և ՀԲԸՄ-ին ուղղված բազում բարեգործությունների համար նա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ-ի կողմից արժանացել է Գրիգոր Լուսավորչի ադամանդակուռ շքանշանին:
Սփյուռքի նախարարի տեղակալը բարձր գնագատեց նաև Հովսեփ Արթինյանի «Գուրգեն Յանիգյանի արարքի արձագանքների և հայ-թուրքական հակամարտության մասին հրապարակումների մատենագրություն» աշխատությունը և կարևորեց ազգային կյանքին վերաբերող նման մատենագիտական համահավաք ժողովածուների ստեղծումը: Ս. Սրապիոնյանը նշեց, որ Բեյրութի «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերում 1973-1995թթ. լույս տեսած հրապարակումների այս մատենագրությունը կարող է աղբյուրագիտական կարևոր ուղեցույց լինել Հայ դատը, հայ-թուրքական հակամարտություններն ուսումասիրող պատմաբանների համար և օրինակ ծառայել՝ ի մի բերելու Սփյուռքում հրապարակվող հայագիտական աշխատությունները, գրքերն ու տարաբնույթ հրապարակումները:
Ներկաներին ցուցադրվեց նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի արվեստի գործ հանդիսացող Գուրգեն Յանիգյանին նվիրված գեղանկարը: