Հայաստանը պատրաստ է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը

Հայաստանը պատրաստ է Վիեննայում (մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգում (հունիսի 20-ին) կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Այս մասին նշել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում օգոստոսի 10-ին: Կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով հարցին անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Շատ հստակ նախագահը նշեց, որ խոսքը գնում է 1994, 1995 թվականների եռակողմ անժամկետ հրադադարի պահպանման պայմանագրերի, միջադեպերի հետաքնության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման մասին: Նախագահի ելույթում սա շատ հստակ է նշվում»,-   ասաց Հովակիմյանը:

ՀՀ Նախագահը երախտագիտություն էր հայտնել ռուսական կողմի այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը ներդնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար և կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Scroll Up