Հայաստանը Պատրաստ է Վիեննայի եւ Ս. Փեթերզպուրկի Մէջ Ձեռք Բերուած Համաձայնութիւններու Կատարման
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/hovagimian.jpg)
Հայաստանը պատրաստ է Վիեննայի (Մայիս 16-ին) եւ Ս. Փեթերզպուրկի մէջ (Յունիս 20-ին) կայացած հանդիպումներուն ընթացքին ձեռք բերուած համաձայնութիւններու կատարման: Այս մասին նշած է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան, Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ հանդիպման ժամանակ Մոսկուայի մէջ Օգոստոս 10-ին:
Ըստ Artsakhpress.am-ի՝ ՀՀ կառավարութեան նիստէն յետոյ լրագրողներու խնդրանքով հարցին անդրադարձած է ՀՀ արտաքին գործոց նախարարի տեղակալ Աշոտ Յովակիմեան:
«Խօսքը գնում էր այն պայմանաւորուածութիւնների մասին, որոնք ձեռք են բերուել Վիեննայի եւ Սանկտ Փեթերզպուրկի հանդիպումների ժամանակ: Շատ յստակ նախագահը նշեց, որ խօսքը գնում է 1994, 1995 թուականների եռակողմ անժամկէտ հրադադարի պահպանման պայմանագրերի, միջադէպերի հետաքնութեան մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողութիւնների ընդլայնման մասին: Նախագահի ելոյթում սա շատ յստակ է նշւում»,- ըսած է Յովակիմեանը:
Նշենք, որ ՀՀ նախագահը երախտագիտութիւն յայտնած էր ռուսական կողմի այն ջանքերուն համար, որոնք Ռուսիան կը ներդնէ Լեռնային Ղարաբաղի խնդիրի քաղաքական-դիւանագիտական կարգաւորման համար եւ կարեւոր համարած է ձեռք բերուած համաձայնութիւններուն կատարումը: