Լուռ խաղը կաշխուժացնի Ծաղկաձորը. մեկնարկեց մնջախաղի միջազգային փառատոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/49722.jpg)
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակում:
Փառատոնի ընթացքում ներկայացումներ կցուցադրվեն նաև Դիլիջանում:
«Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և հյուրերին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ այս փառատոնը կդառնա ամենամյա»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանը և հավելեց, որ սեպտեմբերից Ստեփանակերտում կգործի մնջախաղի ստուդիա, և հաջորդ տարի ստուդիայի սաները ելույթ կունենան Ծաղկաձորում:
Բացման արարողությանը անոնսային համարներով հանդես եկան Ռուսաստանի, Հայաստանի, Հարավային Աֆրիկայի , Իրանի, Ուկրաինայի, Վրաստանի մնջախաղի վարպետները: Փառատոնի բացման արարողությունը ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008թ. երկու տարին մեկ անգամ, սակայն այս տարվանից սկսած` այն կանցկացվի ամեն տարի:
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը մեծացնում է հետաքրքրությունը Ծաղկաձորի նկատմամբ:
Ծաղկաձորի բնակիչների և հյուրընկալվողների հետաքրքրությունը չափազանց մեծ է մնջախաղի նկատմամբ:
Փողոցում կարելի էր հանդիպել մարդկանց, ովքեր Ծաղկաձոր էին եկել հատուկ փառատոնին մասնակից դառնալու համար: «Քաղաքը ասես հարստանում, լիարժեք շնչում և ծաղկում է ապրում այդ օրերի ընթացքում»,-նշեց զբոսարշրջիկներից մեկը: