Թուրքիայում հայ վարպետը Ararat բրենդով ոսկերչություն է անում

Չնայած որոշ դժվարություններին՝ Թուրքիայի շուկայում պահանջարկ կա, եւ աշխատել հնարավոր է:
Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքական Ararat Jewellery ընկերության ղեկավար, հայազգի Էրջան Քարափեքմեզը:
Նախկինում նրա ընկերությունն այլ անուն ուներ, հետո որոշել է այն վերանվանել: Ընդ որում, թուրքական իշխանություններն արհեստական դժվարություններ նրա համար չեն ստեղծել:
«Բնավ դժվարություն չեղավ: Տարբեր-տարբեր ֆիրմաներ կան Թուրքիո մեջ, որ այդ անունը կը գործածեն: Թուրքերը անգամ կը գործածեն, տեսած եմ», – նշեց Քարափեքմեզը:
Ընկերությունն իր զարդեղենը հիմնականում վաճառում է Թուրքիայում: Նախորդ տարիների համեմատ՝ պահանջարկը փոքր-ինչ նվազել է, բայց այնպիսի մեծ երկրում, ինչպիսին Թուրքիան է, որոշակի պահանջարկ, միեւնույն է, կա, նշում է վարպետը:
«Աշխարհը դժվարություն կը քաշե, Թուրքիո մեջ ալ դժվար է: Բայց Պոլսո մեջ 20 միլիոն մարդ կա, Թուրքիան ալ մեծ պետություն է, ատոր համար առեւտուր կա», – նշեց ոսկերիչը:
Անցյալ տարի նա այցելել էր Yerevan Show 2015 ամենամյա միջազգային ոսկերչական ցուցահանդեսին. շատ էր ուզում տեսնել Հայաստանը 10 տարի հետո:
«Հոստեղի շուկային ադքան ծանոթ չենք, մեզի համար կարևոր է՝ Հայաստան տեսնինք, նոր մարդերու հետ ծանոթանանք: Հոստեղ լավ ոսկերչություն կա, մինակ քիչ մը լավացնել պետք է, քիչ մըն ալ ռեկլամ ընել պետք է», – հավելեց Քարափեքմեզը: