Սփյուռքահայ ուսուցիչները ներկայացրեցին իրենց զեկույցները. «Սփյուռք» ամառային դպրոց-2016
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/զեկույց.jpg)
Հուլիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնք նախապատրաստել էին այս ամսվա ընթացքում:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ մասնակիցների զեկույցներն ունկնդրում էր հատուկ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովը: Հանձնաժողովի անդամներն էին՝ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի համակարգող, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը և մ.գ.թ. Արմինե Աշիկյանը: Զեկույցները լսելու էր եկել նաև ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:
Ուսուցիչների զեկույցների թեմաները տարբեր էին՝ գրված իրենց երկրների դպրոցների օրինակով: Միաժամանակ արծարծում էին Սփյուռքում առկա խնդիրները: Ելույթների ընթացքում ուսուցիչները խոսեցին իրենց հուզող հարցերի մասին, անդրադարձան գրքերի, հայապահպանման և լեզվի խնդիրներին: Գեղեցիկ ելույթների ընթացքում ուսուցիչները նաև ասմունքեցին՝ օրը վերածելով եզրափակիչ տոնի: Սրահում թևածում էր նաև հուզմունքը, որը մեծամասմաբ կապված էր նրա հետ, որ դասընթացը մոտենում է ավարտին, և ուսուցիչները շուտով հեռանալու են հայրենիքից:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամները և հյուրերը մեծ բավականություն ստացան և հեռացան վառ տպավորություններով:
Զեկույցները ներկայացնելուց հետո, ուսուցիչները հանձնեցին նաև իրենց դիմում-առաջարկները և շնորհակալագրերը:
«Արդեն մեկ ամիս է՝ ինչ գտնվում եմ հայրենիքում՝ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում: Այսօր սփյուռքահայ ուսուցիչներս ներկայացրեցինք զեկույցներ, որոնք իմ կարծիքով՝ հրաշալի և բովանդակալից էին: Վերջին օրերն ենք անցկացնում Երևանում: Ճիշտ է, առաջին անգամ չէի այցելում, սակայն շնորհիվ այս ծրագրի՝ սկսեցի Երևանը և հայրենիքս ճանաչել ավելի լավ և սիրել նորովի: Ծանոթացանք հրաշալի մարդկանց հետ, ձեռք բերեցինք ընկերներ: Դասընթացը շատ բան տվեց, որը կօգտագործենք մեր երկրներում: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՊՀ դասխոսական անձնակազմին՝ մեզ հետ աշխատելու և նոր գիտելիքնելով զինելու համար»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակից, ռուսաստանաբնակ ուսուցչուհի Ասյա Մարդոյան:
Լուսինե Գրիգորյան
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող