«Արցախյան ղողանջներ». Ես հպարտ եմ, որ հայուհի եմ, և սիրտս էլ զարկում է հայերեն

Նարինե  Գրիգորյան…Նայում  եմ 11-րդ  դասարան  փոխադրված  իմ աշակերտուհուն, որ  զինվորների հետ էր  նկարված,  հիացմունքս  չեմ կարողանում զսպել, բայց նաև հիշում եմ   նրա խոսքերը. <<Ո՞վ է  ասում, որ միայն զենքն ու ոգին  են հաղթանակի գրավականը, բա ժպի՞տը Թշնամուդ հակառակ՝ միշտ   պետք   է ժպտաս: Իսկ  աշխարհի լավագույն բանը զինվորի ժպիտն է, և  ես ուրախ  եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ  զինվորներ  կան>>:                                                   

 

Գիտեմ  նաև, որ նա սիրում է երբեմն զինվորական համազգեստ  հագնել,   և  հայացքս  փնտրում  է   նրա լուսանկարների մեջ  մի  ժպտերես  աղջկա՝  զինվորականի տեսքով: Նրա գրառումներն եմ  ընթերցում, որ  գալիս  են  լրացնելու  մի հրաշալի կերպարի՝  շատ անմիջական, պարզ  ու հասարակ  և  դրանց խորքում  մի անկեղծ  սեր  զինվոր տղաների հանդեպ, որ  հայրենիք  են  պաշտպանում, սահման են  հսկում  նաև  իր    խաղաղ   օրերի   համար:         

<<Ես  հայուհի   եմ,  հոգիս  էլ հայի  է, սիրտս  էլ խփում  է հայերեն,   և  հպարտ   եմ, որ   ինձ  էլ  պաշտպանում   են մեր հայ  զինվորները:  Շատ կցանկանայի՝ ես էլ ծառայեիկամ թեկուզ և  տղա լինեի  ու  ծառայության գնայի: Հիմա շատերը կասեն՝ դա աղջիկների տեղը չէ,  կամ էլ   կասեն՝   հեշտ ես  ասում՝ ծառայել կամ չգիտեմ ինչ Ես գիտեմ, որ  դժվար  է, շա՜տ դժվար… Չեմ անցել դրա միջով, բայց ունեմ ծառայող ընկերներ….Եվ  ուրախ եմ,   որ իմ շրջապատում   կան   զինվոր   տղաներ>>:                                                                                                    

Որտեղի՞ց  է գալիս  այս լույսը, որ   իր մանրիկ ժպիտների  անսահմանության մեջ  մի նոր լույս  է  սփռում շրջապատում, մի նոր   լուսավոր կյանք, որի մասին    երազում ենք բոլորս, ու  այդ   կենարար  սիրո մեջ  ամփոփված  այս սիրունատես    աղջկա ապրումներում  զինվոր  տղաների անպարտելությունն է թևածում, որտեղ ոգի կա, ազնիվ  արարում, նվիրաբերումի սիրալիր խոսք.

<<Ամեն անգամ, երբ պատրաստվում եմ քնեմպատուհանիս  տակ՝  լուսնի լույսի ներքո,  աղոթում եմ բոլոր զինվորների համար և   միշտ էլ խնդրում եմ Աստծունոր պահապան լինի   բոլոր  զինվորներին: Չեմ ուզում, որ զինվորի մատը  նույնիսկ փուշ մտնի, չեմ ուզում… Իսկական հերոսը զինվորն է, որ  բոլորիս  համար զենքը ձեռքին հսկում է, որ թշնամին ոտնատակ  չտա  մեզ, այդ թվում նաև այն ինքնավստահներին, ովքեր իրենց հերոս են   համարում:  Մեր հողերին  թուրքի  կեղտոտ  ոտքը  չպտի  կպչի, մեր հողը սուրբ  է, մեր հերոսները  կյանք  են տվել  այդ հողերի համար>>:

 

ԱՐՑԱԽԻ  ԴՈՒՍՏՐԸ,  այդպես  եմ անվանակոչում նրան, գուցե նաև  ԱՐՑԱԽԴՈՒՍՏՐ…  Գեղեցկատե՛ս    պարմանուհի,  երկարամա՛զ աղջնակ,  իմ սիրելի՛  աշակերտուհի, քո շուրթերով  թող Աստծուն հասանելի լինեն բոլորիս  աղոթքները, թող   նա  միշտ պահապան լինի  մեր  զինվոր տղաներին, որ  սահման են պահում, որպեսզի  խաղաղ լինի  հայոց    երկիրը:

2

Նատաշա  Պողոսյան  

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up