Ավետիք Գալստյան.«Սփյուռքի նախարարության աջակցությունը միշտ ենք զգում»

ԱՊՀ երկրների և Վրաստանի հայկական համայնքների ղեկավարների հավաք-հանդիպմանը, որը նախաձեռնել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը, մասնակցում էր նաև Խաբարովսկի  հայկական համայնքի փոխնախագահ Ավետիք Գալստյանը, ում հետ  զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը.

– Խաբարովսկի մարզում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 7 հազար հայ է ապրում:

Հայկական համայնքը գործում է արդեն 5 տարի: Նախագահը Աշոտ Գալստյանն է, իսկ ես երկու տարի է, ինչ համայնքի փոխնախագահն եմ:

Համայնքում հրատարակվում է թերթ, գործում է երկօրյա դպրոց, երգի-պարի խմբակ, ունենք «Արարատ» անունով ֆուտբոլային թիմ: Վերջերս մեր ֆուտբոլի թիմը մասնակցեց Խաբարովսկի քաղաքապետի գավաթի մրցաշարին և զբաղեցրեց երկրորդ տեղը:

– Պարո՛ն Գալստյան, ասացիք, որ մարզում մոտ 7 հազար հայ է ապրում: Համայնքի շուրջը որքա՞ն մարդ է համախմբված:

– Մոտ 500 հոգի, ոչ ավելի, ովքեր ակտիվ մասնակցում են միջոցառումներին, մտահոգված են համայնքի խնդիրներով: Նրանցից մոտ 20-ը ամենաակտիվն են, ովքեր նաև ֆինանսական աջակցություն են ցուցաբերում համայնքին:

Պարբերաբար տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում ինչպես համայնքի անդամների, այնպես էլ հրավիրյալ խմբերի մասնակցությամբ: Համայնքի ուժերով կազմակերպված միջոցառումներից կցանկանայի առանձնացնել Առնո Բաբաջանյանին նվիրված հուշ-երեկոն:

Սեպտեմբերի վերջին Արցախից խումբ էր ժամանել: «Մենք ենք մեր սարերը» խորագիրը կրող համերգը մեծ հաջողություն ունեցավ:

– Նշեցիք, որ Խաբարովսկի մարզում մի քանի հազար հայ է ապրում, սակայն համայնքի շուրջ մի քանի հարյուրն է միայն համախմբված: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը:

– Ցավոք, ոչ բոլոր են  գիտակցում համայնքի անհրաժեշտությունը: Շատերը պատճառաբանում են, որ ժամանակ չունեն, աշխատում են:

Այն տպավորությունն է, որ համայնքի հոգսերով ապրող ու համայնքային միջոցառումներին ու ծրագրերին մասնակցող մարդիկ անգործ են, չեն աշխատում:

Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ փորձում ենք համայնքում պահպանել հայկականության շունչը, հատկապես երիտասարդների շրջանում: Դժվար է հայրենիքից մոտ 8 հազար կիլոմետր հեռավորության վրա քո արմատին ու քո ավանդույթներին կառչած ապրել:

– Իսկ ինչպիսի՞ն է երիտասարդների ներգրավվածությունը համայնքային խնդիրներին:

– Երիտասարդներն աստիճանաբար ակտիվանում են, փորձում են համախմբվել համայնքի շուրջ: Մենք էլ աշխատում ենք սատարել նրանց նախաձեռնությունները, այս կամ այն միջոցառումներով, ծրագրերով նրանց քաջալերել, ոգևորել:

Ստեղծել ենք ՈւՀԱ-ի խումբ. հույս ունենք, որ հոկտեմբերի 28-ին առաջին ելույթը կունենան:

– Իսկ Սփյուռքի նախարարության ծրագերին մասնակցո՞ւմ են: Չէ՞ որ նախարարության ծրագրերի մեծ մասը ուղղված են երիտասարդներին:

– Այս տարի մի երիտասարդ «Արի տուն» ծրագրին է մասնակցել:

Պասիվության պատճառը հիմնականում հեռավորությունն է, ճանապարհածախսը շատ թանկ է, շատերը չեն կարողանում տոմս գնել:

Թեև ինքս Հայաստանում հաճախ եմ լինում (այս տարի արդեն երրորդ անգամ եմ այցելում), բայց նախարարության ծրագրերին առաջին անգամ եմ մասնակցում:

Սակայն ամեն այցելության ժամանակ փորձում եմ լինել Սփյուռքի նախարարությունում, տեղեկանալ նոր ծրագրերին, խորհուրդներ լսել, դասագրքերի հետ կապված խնդիրները լուծել, նյութեր վերցնել: Նախարարության աջակցությունը միշտ ենք զգում, չկա մի հարց, որ դիմենք և մերժում ստանանք:

Զրուցեց  Լուսինե Աբրահամյանը

Scroll Up