Երևանում վերաբացվեց «Իզմիրլյան» բժշկական հաստատությունը և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս Էջմիածնի մամլո գրասենյակից, հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ազգային բարերարներ շվեյցարահայ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Իզմիրլյան ընտանիքի անդամներ, ՀՀ պետական այրեր, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, Իզմիրլյան հիմնադրամի պաշտոնեությունը, նորաբաց հաստատության աշխատակազմը և հյուրեր:

Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող բժշկական այս հաստատությանն ի նպաստ` «Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ իրականացվել է 12 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր, որի շնորհիվ հիվանդանոցը հիմնանորոգվել է և համալրվել նոր մասնաշենքով:

IC - 10

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նորակառույց մասնաշենքի առջև պատվավոր հյուրերին աղուհացով դիմավորեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաները, ապա Իզմիրլյան ամուսինները հատեցին բժկական հաստատության մուտքի ժապավենը:

Այնուհետև բժշկական կենտրոնի ընդարձակ նախասրահում, նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց նորաբաց հաստատության օրհնության կարգ, որից հետո ներկաներին ներկայացվեցին Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի հիմնանորոգության աշխատանքները, պայմաններն ու ձեռք բերված ժամանակակից բժշկական սարքավորումները:

IC - 3

Շրջայցի ավարտին հաստատության հանդիսությունների սրահում արարողության մասնակիցներին ողջունեց կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը` մասնավոր ուրախություն հայտնելով հիվանդանոցի հիմնական բարերար Տիգրան Իզմիրլյանի և իր ընտանիքի անդամների ներկայության համար: Տիար Արմեն Մուրադյանը իր երախտագիտությունը արտահայտեց Վեհափառ Հայրապետի կողմից հաստատության նկատմամբ դրսևորվող հոգատարության և ազգային բարերարներ Տիգրան Իզմիրլյանի և Լուիզ Մանուկյան Սիմոնի պատրաստակամ հանձնառության համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ բժշկական կենտրոնի բացումը: Կենտրոնի տնօրենն իր խոսքում անդրադարձավ նաև հաստատության բշժկական անձնակազմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին և հիվանդներին մատուցվող ծառայությունների զարգացման հեռանկարներին:

IC - 2

Այնուհետև արարողության մասնակիցները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Իզմիրլյան բժշկական կենտրոն. անցյալը և ներկան» ֆիլմը կենտրոնի անցյալի, ներկայիս գործունեության վերակազմակերպման և առաքելության մասին:

Scroll Up