Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակիչների ու զինծառայողների դեմ գործողությունները ռազմական հանցագործություն են. FIDH

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան գնահատական է տվել ապրիլի սկզբին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակիչների եւ զինծառայողների դեմ գործողություններին:
«Վերջին 30 տարում տարածաշրջանի ամենակործանարար կոնֆլիկտը Ղարաբաղյան հակամարտությունն է, որ շարունակում է խլել մարդկանց կյանքեր»,- այս մասին ասվում է FIDH-ի հայտարարությունում:
Ըստ միջազգային կառույցի` կոնֆլիկտը բավարար ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից: Հայտարարությունում նշվում է, որ խաղաղ բնակիչների ու քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:
FIDH-ն առանձնացնում է ադրբեջանցի զինծառայողների կողմից 3 տարեցների սպանությունն ու խոշտանգումը, ինչպես նաեւ զինվոր Քյարամ Սլոյանի գլխատումը:
Ընդգծվում է, որ ազգութամբ եզդի Քյարամ Սլոյանի` կտրված գլխի լուսանկարը տեղադրվել է սոցցանցերում` ներկայացվելով որպես հաղթական ավար:
Հիշատակվում են նաեւ մյուս 2 գլխատված զինվորները:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս ամենը ռազմական հանցագործություն է:
«Սպանվածների մարմինների խոշտանգումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»,- yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարում է միջազգային կազմակերպությունը: