«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

«Սփյուռք» ամառային դպրոցում, դասընթացներին զուգահեռ, շարունակվում են մշակութային միջոցառումները: Հուլիսի 19-ին «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներն այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչները շրջեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում: Նրանց ուղեկցում էր թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, որը և էքսկուրսավարի դեր էր ստանձնել: Ներկայացնելով տան ներքին հարդարանքը՝ թանգարանի վարիչը նշեց, որ մեծ բանաստեղծուհին ինքն է այն կահավորել և անգամ իր կտակում գրել է, որ իր մահից հետո ոչինչ չփոխվի:
Թանգարանում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն մեծ բանաստեղծուհու, այլ նաև՝ հայրենասեր կնոջ, տան տիրուհու և պարզապես հետաքրքիր անհատականության հետ: Թանգարանում թևածում էր երիտասարդ և մեծահասակ Սիլվա Կապուտիկյանի շունչը:
Ներկաները կարողացան տեսնել այն նվերները, որոնք Սիլվա Կապուտիկյանին են նվիրել Սփյուռքում: Խոսվեց նաև Սփյուռքի հետ բանաստեղծուհու կապի և մեծ նվիրումի մասին:
Թանգարանում ներկայացված էր նաև բանաստեղծուհու ընտանիքի անդամների լուսանկարները, նրա ձեռագիր տետրերը, իր կողմից կարված հագուստները: Այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու բանաստեղծուհու աշխատասենյակը, որտեղ գրվել են նրա ստեղծագործություններից շատերը:
Սփյուռքահայ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ շրջեցին թանգարանում և լսեցին մի փոքրիկ դասախոսություն՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի կյանքին և գործունեությանը:
Ուսուցիչների համար շատ հուզիչ և հաճելի էր առաջին անգամ լինել այս թանգարանում: Այնպիսի տպավորություն էր, ասես բանաստեղծուհին ինքն էլ էր ներկա հանդիպմանը:
«Հայերն այսօրի»հետ զրույցում ՀՀ սփյուռի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը նշեց, որ Սիլվա Կապուտիկյանը մեր անկախության մունետիկն է, և յուրաքանչյուր հայ պետք է ճանաչի այդ մեծ բանաստեղծուհուն:
Կահիրեից ժամանած Սիլվա Բայրամյանը շատ հուզված էր, որ գտնվում է Սիլվա Կապուտիկյանի բնակարանում: «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ուսուցչուհին նշեց, որ ծնողներն իրեն անվանակոչել են ի պատիվ մեծ բանաստեղծուհու, և իր համար մեծ պատասխանատվություն է կրել այդ անունը:
Թանգարանից հեռանալուց առաջ բոլոր հյուրերը միասին ասմունքեցին «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը:
Սփյուռքից եկած ուսուցիչները Սիլվա Կապուտիկյանի բնակարանից հեռացան անմոռանալի տպավորություններով և նորից վերադառնալու ակնկալիքով:
Լուսինե Գրիգորյան
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող