Ավարտվեց քառօրյա պատերազմում զոհված Տիգրան Բերակչյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարը

Հուլիսի 11-ին Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում ավարտվեց հուլիսի 6-ին մեկնարկած ֆուտբոլային հուշամրցաշարը՝ նվիրված քառօրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլում զոհված ջավախահայ, ծնունդով լոմատուրցխեցի Տիգրան Բերակչյանի հիշատակին: Մրցույթին մասնակցում էին շրջանի տարբեր վարչական մարմինների մակարդակով հաղթող ճանաչված թիմերը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են akhaltskha.net-ից:

Այս մրցաշարն առիթ էր ջավախահայ երիտասարդներին վառ պահելու հայրենիքի համար զոհված 20-ամյա Տիգրանի հիշատակը: Նպատակը մեկն էր. մատաղ սերնդին զոհված տղաների հայրենասիրական ոգով դաստիարակելը: Հայրենիքի փրկության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած Տիգրանի նման հերոսներն այսօր այն կամուրջն են, որ մեզ տանում են դեպի ապագա:

Հուլիսի 11-ին կայացավ հուշամրցաշարի եզրափակիչ փուլը ,որին մասնակցում էին Էխտիլա և Մերենյա գյուղերի թիմերը: Խաղն ավարտվեց 3-2 հաշվով ի օգուտ Էխտիլա գյուղի թիմի: Առաջին տեղն զբաղեցրեց Էխտիլա գյուղը, երկրորդ տեղը՝ Մերենյա և երրորդ տեղը՝ Ագանա գյուղը, իսկ Խաղի ընթացքում ամենաշատ գոլերի հեղինակ դարձավ Էխտիլա թիմի ավագ Չաուշ Սամվելյանը, ով խփել էր 9 գոլ:

Վերջում տեղի ունեցավ պատվոգրերի հանձման արարողությունը: Լոմատուրցխ գյուղի գյուղապետ Աղվան Բերակչյանը, դպրոցի տնօրեն Հովհաննես Շորաղյանը և Ազարվեթի վարչական մարմնից շրջանային ժողովի պատգամավոր Գրիգոր Ծոռմուտյանը առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցնող թիմերին հանձնեցին համապատասխան պատվոգրեր և մեդալներ՝ բոլոր մասնակիցներին մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ:

Scroll Up