Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն Բաղդադում
Նախագահությամբ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ Ավագ արք. Ասատուրյանի հուլիսի 8-ին Ազգային ծերանոցի Սբ. Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն հուլիսի 3-ին Քարատա թաղամասում ահաբեկչության հետևանքով զոհվածների հոգիների համար:
Այս մասին Տեր Մամբրե քահանա Հմայակյանը գրել է Իրաքի Հայոց թեմի ֆեյսբուքյան էջում:
Սբ. Պատարագի ավարտից հետո բաղդադահայերի հոծ բազմություն քահանա հայրերի, Ազգային Կենտրոնական Վարչության և միութենական հաստատությունների վարչականների գլխավորությամբ այցելեցին պայթունի վայր, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն, շարականների երգեցողություն և աղոթք անմեղ զոհվածների համար:
Նախորդ օրը` հուլիսի 7-ի երեկոյան, Հայ Եկեղեցասիրաց Կազմի աշակերտները Սբ. Կարապետ եկեղեցու բակում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը անմահացնող խաչքարի առջև ևս իրականացրեցին մոմավառություն ահաբեկչույան զոհերի համար: