Օգնություն Արցախին` Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից

Հուլիսի 1-ին Մարտակերտում էին ՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Դադայանը, ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության փոխատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը եւ ՀՕՄ-ի գրասենյակի տնօրեն Սվետլանա Պողոսյանը: Ավստրալիաբնակ բարերար Տիար Հրայր Զարեհ Թորոսյանի կողմից տրամադրվել է 16.400 ԱՄՆ դոլար` ՊԲ զինվորներին որեւէ մի բանով օգնելու: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջից:
Ըստ ՀՕՄ-ուհիների, բարերարը անչափ մտահոգված է սահմանում կանգնած զինվորի համար եւ ամեն կերպ ձգտում է որեւէ օգնություն ցուցաբերել նրանց: Այդ նպատակով էին Արցախի ՀՕՄ-ի ներկայացուցիչներն այցելել Մարտակերտ: Նրանց այցի նպատակն էր հանդիպել Մարտակերտի, Թալիշի եւ Մատաղիսի ՊԲ-ում ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրելու օգնությունը:
Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում նրանք հանդիպեցին ժամկետային զինծառայողների հարազատների հետ եւ նրեկայացրին իրենց ծրագրերը: Ամեն մի զինվորի հատկացվել էր 100 ԱՄՆ դոլար: Նրանք բոլոր նշյալ բնակավայրերի բնակիչ ժամկետային զինծառայողների համար յուրաքանչյուր 100 ԱՄՆ դոլարից հիգիենայի պարագաններ, քաղցրավենիք եւ այլ իրերի պարունակությամբ պայուսակներ են պատրաստել` դիրքում կանգնած այդ զինվորների համար, իսկ դրա հետ մեկտեղ 60 -ական ԱՄՆ դոլար, որոնք հանձնեցին զինվորների ծնողներին: Նշենք, որ պայուսակներում դրված էին զինվորի համար բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք արժեքավոր էին եւ որակով:
Սվետլանա Պողոսյանը, Կարինե Դադայանը շնորհակալություն հայտնեցին ծնողներին եւ նշեցին, որ այսօր նրանց որդիները կանգնած են առաջնագծում եւ իրենց կյանքի գնով անառիկ են պահում երկրի սահմանները, իսկ փոխատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը նշեց, որ զինվորները պատվով են կատարել իրենց պարտականությունները, հետեւապես քաղաքագետները եւ դիվանագետները ես պետք է պատվով կատարեն իրենց առջեւ դրվածը:
ՀՕՄ-ի ներկայացուցիչներին եւ բարերարին իր շնորհակալությունը հայտնեց Մարտակերտի շրջհիվանդանոցի բժշկուհի, զինվորի տատիկ Միլիետա Հովհաննիսյանը: