Ամերիկաբնակ նկարիչ, ով նկարում է իրականության պատրանքը
ԱՄՆ-ում ստեղծագործող հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ով իր գերիրական ինքնատիպ կտավներով հասցրել է ճանաչվել աշխարհում, այս օրերին Երևանում է: Նայելով նրա վրձնած նկարներին՝ դժվար է հավատալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները կապ չունեն դրանց հետ. Տիգրանի նկարների նյութեղեն բաղադրիչները կտավն ու յուղաներկն են, իսկ ոգեշնչման աղբյուրը՝ մարդիկ ու նրանց շրջապատող աշխարհը:
40-ամյա նկարչի համար ամռանը Հայաստան գալը ավանդույթի է վերածվել, որը չի խախտում արդեն 18 տարի: «Հայերն այսօր»–ը զրուցել է նրա հետ անցած ճանապարհի, երևանյան կարոտի ու առաջիկա ծրագրերի մասին:
-Տիգրա´ն, երկար տարիներ է, ինչ ապրում ու ստեղծագործում եք Հայաստանից դուրս, ի՞նչն եք ամենից շատ կարոտում:
-Ծնողներիս իհարկե, ու ընկերներիս: Կարոտում եմ իմ շփումը մտերիմներիս ու հարազատներիս հետ: Կարոտում եմ նաև քաղաքը, նաև՝ իմ մանկական ու երիտասարդական հիշողությունները…Երբ վերադառնում եմ, շատ եմ սիրում զբոսնել Երևանում. Ամեն փողոցի ամեն անկյան հետ անվերջ հիշողություններ են կապված…
-Գիտեմ, որ հաճախակի եք լինում Հայրենիքում, կարծեմ՝ ամեն ամառ գալիս եք: Հայաստանում նոր լիցքե՞ր եք փնտրում, թե՞…
-Ես ամեն ամառ վերադառնում եմ՝ առանց բացառության, արդեն տարիներ շարունակ: Իմ ընկերներից մեծ մասը Հայաստանից դուրս են ապրում, և ամեն ամառ մենք բոլորս փորձում ենք Հայաստանում հավաքվել: Այո´, Հայաստանում լիցքավորվում եմ՝ ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, որովհետև Նյու Յորքում ես շատ եմ աշխատում, նույնիսկ մի լավ քնելու ժամանակ չեմ ունենում: Բայց կարևորը հարազատների հետ լինելն է, բոլորի հետ միասին, ինչպես 20 տարի առաջ, երբ դեռ բոլորս Հայաստանում էինք ապրում:
-Անցյալ տարի նաև ձեր անհատական ցուցահանդեսը բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Ի՞նչ նախագիծ էր «Հայելիները» ու ի՞նչ հաջողություններ գրանցեց այն:
Այն ինձ համար շատ կարևոր ցուցահանդես էր, և ոչ իբրև մեծ թանգարանային ցուցահանդեսի փաստ: Մոտ 20 տարի Հայաստանում չէի ցուցադրվել, և ես շատ էի սպասում այդ օրվան: Հայ հանդիսատեսը շատ մեծ կարևորություն ունի ինձ համար. ինչ-որ հոգեղեն հենարան է, երբ զգում ես թիկունքումդ հայրենակիցներիդ աջակցությունը: Ինձ թվում է, որ ցուցահանդեսը շատ հաջողվեց, և ես պահում եմ շատ լուսավոր հիշողություններ: (Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքն արտացոլում է հայրենի երկրի վերաբերյալ նրա ընկալումը՝ պատկերելով Հայաստանի հավաքական դիմանկարն իր անցումային ներկայում և պատմական անցյալում-հեղ):
-Խոսենք ձեր նկարների թեմաների մասին: Ո՞ւմ եք նկարում դուք:
-Ես նկարում եմ ինձ շրջապատող մարդկանց, այս դեպքում՝ կանանց: Այս շարքը, կարելի է ասել, կնոջ էության և գեղեցկության խնդրին ուղղված իմ հարցերն են, որոնց պատասխանները ես ինքս եմ փնտրում աշխատանքի պրոցեսի ընթացքում:
-Ժամանակակից արվեստի այս ոճը տարածված ուղղությո՞ւն է Նյու Յորքում, թե՞ դա ձեր «մենաշնորհն» է:
-Ես կասեի՝ ոչ, տարածված չէ: Չնայած՝ կա հիպերռեալիստական մի շարժում, սակայն ես ինձ չեմ համարում հիպերռեալիստ: Ես նկարում եմ իրականության պատրանքը:
-Ծանո՞թ եք հայաստանյան ժամանակակից գեղանկարիչներին, շփում կա՞ այստեղի ստեղծագործողների հետ:
-Այո´, ընկերներ-նկարիչներ ունեմ: Եվ միշտ, երբ գալիս եմ Հայաստան, շփվում ենք: Ինձ շատ է հետաքրքրում Հայաստանի արվեստի զարգացումը:
-Կարծեմ մեկ զավակ ունեք, նա Հայաստանում եղե՞լ է:
-Որդիս 6 տարեկան է, ամեն ամառ ինձ ուղեկցում է Հայաստան այցելություններիս ընթացքում: Ցավոք, դեռ հայերեն չի խոսում, միայն՝ ռուսերեն և անգլերեն: Բայց ես ուզում եմ նրան հայերեն սովորեցնել, գուցե հենց այս ամռանն էլ սկսենք…
-Ի՞նչ ծրագրեր, անելիքներ կան առաջիկայում, որոնց մասին կարող եք այսօր բարձրաձայնել:
-Հիմա վերջացնում ենք աշխատանքը մի փաստագրական ֆիլմի վրա, որը նկարահանում է Արթուր Բալդերը: Ֆիլմում կարելի է տեսնել իմ մեկ տարվա աշխատանքային պրոցեսը, ցուցահանդեսները, ապրումները, և նույնիսկ երևակայությունը: Ֆիլմում նկարահանվել են մի քանի հայտնի դերասաններ և մոդելներ, ում ես նկարել եմ այս մեկ տարվա ընթացքում, այդ թվում՝ «Օսկարի» հավակնորդ մի դերասանուհի, ում «հայելու» վրա աշխատում եմ այս պահին:
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում։ Երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը գյումրեցի հայտնի Ձիթողցյանների գերդաստանի շառավիղներից է:
1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d’Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:
Զրուցեց Ջուլիետա Մաթևոսյանը
Լուսանկարները՝ Տիգրան Ձիթողցյանի ֆեյսբուքյան էջից: