Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ինքնորոշման կողմնակիցները՝ Ավստրալիայի խորհրդարանում
Ավստրալիայի խորհրդարանում դաշնային հերթական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մի քանի տեղեր բաժին են հասել Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի կողմնակիցները:
Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Ձայների հաշվարկը դեռեւս չի ավարտվել, սակայն այս թեկնածուների հաղթանակն ակնհայտ է:
Նրանցից մեկը Լիբերալ կուսակցությունից Թիմ Ուիլսոնն է, որը մեկ քառորդով հայ է:
Նրա կուսակից ընկեր Ջոն Ալեքսանդերը պահպանել է տեղը Սիդնեյի Բենելոնգ հայաշատ շրջանից: Ալեքսանդերը՝ Հայաստան-Ավստրալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահհն է, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ամենաակտիվ պաշտպաններից:
Լեյբորիստ Միշել Ռոուլենդը պահպանել է մանդատը Գրիուեյ շրջանից: Նա Ավստրալիայի կառավարությանն ակտիվորեն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հյուսիսային Սիդնեյից, որտեղ նույնպես մեծաթիվ հայ համայնք կա, խորհրդարանում տեղը պահպանել է նաեւ լիբերալ Թրենթ Ցիմերմանը: Նա ուղերձով դիմել էր Թուրքիային՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սիդնեյի հյուսիսային եւս մեկ շրջանից՝ Բրեդֆիլդից, խորհրդարանական մանդատը վերստացել է Փոլ Ֆլեթչերը, որը նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի կողմնակից է:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ընտրված պատգամավորներին եւ հիշեցրել, որ Մելբուռնին մերձակա Քեյսի շրջանում պայքարը շարունակում է լեյբորիստ Հովիկ Մելքոնյանը: