«Զվարթնոց» տաճարն ինձ վրա մեծ տպավորություն թողեց. «Արի տուն-2016» ծրագրի մասնակից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/Artur.jpg)
«Արի տուն» ծրագրի մասին քաջատեղյակ էի, քանի որ երեք տարի առաջ եղբայրս է մասնակցել: Հայաստանում անցկացրած օրերի մասին՝ միշտ վառ հիշողություններով էր ինձ պատմում»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի մասնակից Արթուր Միհրանյանը և հավելեց, որ եղբոր հետաքրքրաշարժ պատմություններն են շարժառիթ հանդիսացել, որ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնի:
Արթուր Միհրանյանը Ախալցխայից է: Նրա նպատակն է շրջայցերի ժամանակ հայոց պատմությունից, հայ ժողովրդից հնարավորինս շատ տեղեկություններ ստանա, որպեսզի Հայաստանի մասին գիտելիքների հարուստ պաշար ամբարի:
Արթուրը նաև նոր ծանոթությունների սիրահար է: Հույս ունի, որ ծրագրի շրջանակներում Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած հասակակիցների հետ կհաջողի ընկերական շրջապատն ընդլայնել, որոնց հետ հետագայում սերտ կապի մեջ կգտնվի:
Արթուր Միհրանյանը նախկինում բարեկամներին տեսնելու համար եկել է Հայաստան, սակայն հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Հայաստանի եկեղեցական, պատմամշակութային վայրերին:
«Արի տուն ծրագրում ես այնպիսի վայրեր այցելեցի, որոնք նախկինում միայն համացանցի միջոցով էի տեսել: Այդ վայրերում լինելը՝ երազանքս էր: Այցելածս վայրերից ինձ հոգեհարազատ դարձավ «Զվարթնոց» տաճարը, որի ավերակներն ինձ վրա մեծ տպավորություն թողեցին»,-ասաց Արթուրը:
Արթուրը, խոսելով Ախալցխայի հայ համայնքում կազմակերպվող մշակութային միջոցառումների մասին, նշեց, որ դրանք նպաստում են հայ երիտասարդների ինքնության պահպանմանը: Առանձնակի ուշադրություն է դարձվում եկեղեցական, պետական և ազգային տոները նշելուն:
Արթուրն ազատ ժամանակ բռնցքամարտով է զբաղվում, նախկինում նաև հայկական պարի դասընթացների է հաճախել:
Գևորգ Չիչյան