Հռոմի պապը Հայաստանում կրեց հայկական ծաղկած խաչով զգեստ. հագուստի հեղինակները ներկայացնում են մանրամասներ

«Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում մատուցեց լատինական ծեսով պատարագ, որի ընթացքում կրում էր «Տերյան մշակութային կենտրոնի» կարած հագուստն ու խույրը:
Զգեստի խորհրդի, հայկական ծաղկած խաչի, կտորի, դժվարությունների ու խորհրդանիշերի մասին Tert.am-ը զրուցեց կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ:
-Տիկին Մելիքյան, ինչպե՞ս ընտրվեցին Հռոմի պապի հագուստի ձևը, նախշերը, հայկական մանրանկարչության տարրերը:
-Մենք հագուստի այդ ձևն ընտրելու համար խորհրդակցել ենք կաթոլիկ համայնքի հետ, մեզ այդ հարցում շատ է օգնել նաև Հայ կաթողիկե եկեղեցում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Մենք ուսումնասիրել ենք նրա հագուկապը, բազմաթիվ ուսումնասիրություններ ենք կատարել, որպեսզի հասկանալի լինի, թե թելերի ինչ գույներ ընտրենք և ստեղծագործության ինչ տեսակ ընտրենք, որ շռայլ չլինի, որովհետև Հռոմի պապը պճնասեր մարդ չէ: Ասեղնագործության համար ընտրվեցին ոչ ցայտուն արծաթագույն և ոսկեգույն թելեր, որ ոչ մի ավելորդ պճնանք չլինի:
-Ի՞նչ էսքիզ էր ասեղնագործած Ֆրանցիսկոս Պապի զգեստի դիմացի և մեջքի հատվածին և հայկական ի՞նչ տարրեր էին օգտագործված:
-Հռոմի պապի համար կարված զգեստի դիմացի մասին և մեջքին արված էսքիզը ծաղկած խաչ է: Այդտեղ հայկական մանրանկարչական նախշերն են մշակված և դարձրած ոսկեթել ասեղնագործության համար: Այսինքն, դրանք մշակվել են այնպես,որ հայկական կարատեսակին բնորոշ լինեն: Ետևնամասին՝ զգեստի ամենաներքևի մասում, տեղադրված էր իր անվան սկզբնատառերը՝ «Ֆ» և «Վ» տառերը: Նպատակներից մեկն էր հայկական տառն օգտագործել զգեստի մեջ, բայց կոծկել և ասեղնագործել այնպես, որ ինքը ոչ թե աչքի ընկներ, այլ ասեղնագործության մեջ մի փոքր նկատելի լիներ: Շապիկի ներքևի մասում ասեղնագործված էին հայկական ցորեններ, հագուստի տակի հատվածի ամբողջ մասում, որը քիչ է երևում և այն կրում է հենց մարմնին, հայկական ցորենն էր ասեղնագործված, այն ցորենը, որը մենք օգտագործում ենք հայկական հարսանեկան հագուստի մեջ՝ որպես մաքրության խորհրդանիշ: Այդ ցորենի հասկերով զարդարված էր հագուստի տակի մասը:
-Ի՞նչ դժվարություններ եղան նման զգեստ կարելու հարցում և արդյոք ամեն ի՞նչ հայկական էր:
-Զգեստի վերնամասի կտորն ուղարկվել էր Վատիկանից, որը մաքուր մետաքս էր և մեջը ոսկեգույն, սակայն քիչ երևացող թելեր կային: Հայաստանում նման կտոր գտնելու հնարավորություն չկար: Դժվար էր նաև խույրը պատրաստելը: Մենք դրա օրինակը չունեինք, որպեսզի հասկանայինք, թե ինչպես է պատրաստվել խույրը: Մեկ օրինակ ճարեցինք,որը հայկական ձևով էր, շատ զգույշ քանդեցինք, որ հասկանանք, թե ինչ նյութ է տեղադրված: Մեկ անգամ նման նյութ ճարեցինք, սակայն ճաքեց, երկրորդ անգամ սոսնձելուց հետո հալվեց: Ի վերջո, գլխի խույրը նույնպես պատրաստված է մեր կողմից և ունի նաև մարաշի ասեղնագործությամբ արված փոքր չափեր, որոնք շատ աչքի ընկնող չեն:
-Քանի՞ օրում պատրաստվեց Պապի զգեստը և քանի՞ հոգի էին աշխատել այդ զգեստի վրա:
-Հռոմի պապի զգեստը տասն օր ասեղնագործվել է և երեք օրվա ընթացքում կարվել: Երկու վարպետ տասը օրում պատրաստել են այս ամենը:
-Նախքան այն կարելը, դուք գիտեիք, որ Պապը կկրի՞ այդ զգեստը, թե՞ ոչ:
-Մենք չգիտեինք Պապն այն կհագնի, թե ոչ, բայց ցանկանում էինք նվեր անել և շարունակեցինք կարել: Գյումրիում պատարագի ժամանակ մեզ ասացին, որ եթե Պապը զգեստը կրի, ուրեմն, հավանել է: Պատարագի մեկնարկին խնդրեցին լռություն պահպանել, իսկ երբ Պապը դուրս եկավ մեր կարած զգեստով, մենք լռել չկարողացանք: Մեզ ասել էին, որ Պապը շատ համեստ անձնավորություն է, և եթե մեջը լինի ինչ-որ բան, որ իրեն կթվա ճոխություն,ապա նա չի կրի: Երգիչների, նախագահների համար զգեստ կարելը հեշտ է, սակայն Պապը մեկն է աշխարհում: Այստեղ այլ խնդիր էր. Պապը կհագնի՞ Հայաստանում պատրաստվածը, թե՞ ոչ: Իհարկե, նաև դրա մեջ տեսնում եմ վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ, Պապը, կաթոլիկ լինելով հանդերձ, Հայաստանում կրեց հայկական ծաղկած խաչով զգեստ և ամբողջ աշխարհը նրան տեսավ այդ հագուստով:
-Փաստորեն, այդ զգեստն այժմ Պապի մոտ է:
-Անպայման, այդպես ենք մտածում: Պապը հավանեց զգեստը: