Հայաստան կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգներին

Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21­-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 24­-26­-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով «Ռադիո Վատիկան»­ի կայքէջը, նա նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև հայերի՝ խաղաղության ձգտումը կիսելու համար: Լոմբարդին տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:

«Այցի շրջանակներում Հռոմի Պապը կհանդիպի կոտորվածների ժառանգների հետ՝ Ծիծեռնակաբերդ կատարելիք այցի ժամանակ: Հուշահամալիրը ոգեկոչում է այն 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915­-1923 թթ­ին Օսմանյան զորքերի կողմից»,­ նշել է նա:

Scroll Up