Հռոմի պապը կգտնի Հայաստան, որը նայում է դեպի ապագան. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/other1340630_articolo.thumb_.jpg)
«Ռադիո Վատիկան» ռադիոկայանի հայկական ծրագիրն անցած կիրակի նշել է իր ստեղծման 50-ամյակը. 1966 թվականի մայիսի 29-ին հեռարձակվեց հայերենով առաջին հաղորդումը՝ կարդինալ Գրիգոր Պեդրոս XV Աղաջանյանի շնորհիվ։ Այս տարիներին այն ողջ աշխարհի հայերին է հասցրել Աստծո խոսքը, անգամ այնտեղ, որտեղ այն արգելված է եղել, ինչպես կոմունիստական երկրներում:
Պատրաստվում է Հռոմի պապի առաջիկա այցը Հայաստան, որը տեղի կունենա հունիսի 24-26-ը: Հայկական ծրագրի պատասխանատու Ռոբերտ Աթարյանն այդ այցի ակնկալիքների վերաբերյալ զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Միքայել Մինասյանը նշել է, որ ոչ միայն Հայաստանում ապրող, այլև աշխարհասփյուռ հայերը մեծ ուրախություն են զգում Հռոմի պապի այդքան սպասված այցի առթիվ, որը կկայանա հունիսի վերջին:
Նա նշել է, որ ողջ հայ ժողովուրդն անհամբերությամբ է սպասում Ֆրանցիսկոս պապի այցին՝ իր խորին հարգանքը և երախտիքը հայտնելու այն ջերմ վերաբերմունքի համար, որը մշտապես ցույց է տվել Պապը հայ ժողովրդի հանդեպ։
-Ինչպիսի՞ Հայաստան կգտնի Պապը:
-Այսօր Հայաստանը երիտասարդ և դինամիկ պետություն է, որն այս տարի նշում է Խորհրդային Միությունից անկախության 25-ամյակը: Երիտասարդ՝ որպես պետություն, բայց հնագույն պատմությամբ, որին Հայաստանն առերեսվում է վստահությամբ և որի վրա կառուցում է իր ինքնության ուժը, որն այնքան անհրաժեշտ է այսօրվա գլոբալացված աշխարհում: Պապը կգտնի Հայաստան, որը նայում է ապագային, Հայաստան, որը փորձում է հաղթահարել պլանային տնտեսության բարդ ժառանգությունը և շեշտը դնում է տեխնոլոգիաների վրա՝ կենտրոնանալով կրթության վրա: Հայաստան, որն անցյալում կրելով բազում ցավեր, ցանկանում և ձգտում է խաղաղության, հատկապես՝ մեր տարածաշրջանում:
-Ինչպիսի՞ն է աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր տարածաշրջանում:
-Իմ վերջին խոսքը վերաբերում էր հենց իրավիճակին տարածաշրջանում, որտեղ ապրում ենք: Այն, ինչ շատ տարիներ առաջ կհամարվեր վատագույն մղձավանջը, այսօր, ցավոք, դարձել է իրականություն: Հայաստանը բախվում է մի շարք մարդասիրական աղետների, որոնք ի հայտ են եկել Միջին Արևելքի և Կովկասի տարածաշրջաններում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը տարիներ շարունակ ապրել է 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումների ողբերգությունը, հարձակման է ենթարկվել միջազգային հանրության լռության ֆոնին: Դրվագները, որոնց մենք ականատես եղանք, ցավոք, չեն կարող չհիշեցնել մեր բնակչությանը 100 տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցած դեպքերի մասին, խոսքս վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, կամ այն ամենին, ինչ դեռ այսօր շարունակում է տեղի ունենալ Միջին Արևելքի անհետացման եզրին գտնվող քրիստոնյա համայնքների հետ: Հայաստանը վերջին տարիներին նաև իր հողի վրա ընդունել է քրիստոնյա սիրիացիներին՝ մեր հնարավորությունների սահմաններում: Քրիստոնյա աշխարհի հետ համերաշխությունը և մեր երկրներում խաղաղությունն այն հարցերն են, որոնք կքննարկվեն Հռոմի պապի հետ նրա՝ Հայաստան այցի ընթացքում, և միասին աղոթք կհնչեցվի ավելի լավ աշխարհ ունենալու հստակ հանձնառության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: