«Ով սպանեց հայերին» ֆիլմի հեղինակները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին վավերագրական ֆիլմի հեղինակները` Միրիամ Զաքին և Մուհամմադ Հանաֆին, Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Ըստ «Հայերն այսօրի»՝ հյուրերին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «2015-ը շատ կարևոր տարի էր հայ ժողովրդի համար. մենք ազգովի նշեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ողջ տարվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներում իրականացվեցին բազմաթիվ ձեռնարկներ. կարևորագույններից մեկը Ձեր պատրաստած ֆիլմն էր: Դուք շատ կարևոր գործ եք կատարել հայ ժողովրդի համար, Ձեր ֆիլմի միջոցով արաբական աշխարհին իրազեկեցիք Հայոց ցեղասպանության մասին: Շատ կարևոր է, երբ օտարն է խոսում մեր ողբերգության մասին. թեև Դուք արդեն օտար չեք և մեզ համար դարձել եք հարազատ մարդիկ: Ձեր նախորդ այցի ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ ունեցաք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և Ձեր հաղորդումների միջոցով Հայաստանը ծանոթացրիք եգիպտացիներին, ինչի համար նույնպես շատ շնորհակալ ենք: Ձեր կատարած աշխատանքը կարող է մեծ խթան հանդիսանալ Հայաստանի զբոսաշրջության զարգացման գործում»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանին և ողջ անձնակազմին, որ կազմակերպել են լրագրողների այցը Հայաստան: Հրանուշ Հակոբյանը շատ կարևոր համարեց այս նախաձեռնությունը, որն առավել կխորացնի կապը Հայաստանի և Եգիպտոսի միջև:

Արաբ հայտնի լրագրող և «Ով սպանեց հայերին» ֆիլմի համահեղինակ Միրիամ Զաքին իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ասաց. «Մեզ համար նույնպես մեծ պատիվ է Ձեր հյուրընկալությունը: Ես մեծ հարգանք եմ տածում Ձեզ պես գործունյա և ուժեղ կանանց հանդեպ, շատ շնորհակալ եմ Ձեր գնահատանքի խոսքերի համար: Մենք ֆիլմը պատրաստել ենք մեծ սիրով. խոչընդոտները շատ էին, սակայն Ձե՛ր, Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների և բարեկամների շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել ամեն ինչ:

«Մեր նախորդ այցի ժամանակ Հայաստանի եւ հայության հետ շփումը մեծապես օգնեց, որ ֆիլմն ավելի լավ պատրաստենք»: Մուհամմատ Հանաֆին նույնպես մեծ պատիվ համարեց ՀՀ սփյուռքի նախարարություն հյուրընկալվելը`ավելացնելով. «Հայերի հանդեպ հատուկ հարգանք ունեմ, եւ դա ասում եմ ոչ այն բանի համար, որ այստեղ եմ գտնվում հայ բարեկամներիս հետ: Իսկապես հայերը Եգիպտոսում ձգողական մեծ ուժ ունեն, մեծ է նրանց ներդրումը Եգիպտոսի տարբեր ոլորտներում»:

Հանաֆին, անդրադառնալով իրենց արտադրած ֆիլմին, ասաց. «Մեր ֆիլմը բոլորովին այլ ուղղություն կարող էր ստանալ, սակայն Հայաստան գալով ու լսելով ձեր խոսքն ու կոչը ողջ աշխարհին, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, մեզ ուղղորդեց, որ ֆիլմը այլ ընթացք ստանա: Շնորհակալ եմ Ձեր գնահատանքի խոսքերի համար»:

«Կարծում եմ՝ Ձեր ֆիլմի հայաստանյան ամենամեծ գնահատականը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվելն էր, եւ դուք՝ իբրեւ հայ ժողովրդի լավագույն բարեկամներ, արժանի եք այդ գնահատանքին»: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան իր հերթին հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխարհի հուշակոթողների «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» խորագրով պատկերագիրքը:

հյուր4հյուր5հյուր4հյուր3հյուր2հյուր1հյուր

Scroll Up