«Ես ուզում եմ, որ մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորները համոզված լինեն, որ Սփյուռքն իրենց հետ է, իրենց կողքին».Անի Մխիթարյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված ՌԴ-ի Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի արտաքին կապերի ղեկավար Անի Մխիթարյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»- թղթակիցը: 

-Բարի գալո՛ւստ Հայրենիք: Անի՛, մենք հանդիպել ենք  երկու տարի առաջ, երբ Դուք պատրաստվում էիք կազմակերպել Համահայկական երիտասարդական համաժողով. ի՞նչ է արել Նիժնի Նովգորոդի հայկական համայնքն այս տարիներին:

Ես սկսեմ սկզբից. Նիժնի Նովգորոդի հայկական  համայնքը լավագույն և մեծ  համայնքներից  մեկն է: Մենք ունենք հայագիտական կենտրոն, եկեղեցի, 20 տարի է,ինչ կիրակնօրյա դպրոց ունենք, «Իմաստ» անունով երիտասարդական միություն, որի  ղեկավարը ես եմ, ունենք «Նաիրի» պարային համույթ:

-՞Ինչ գործունեություն է ծավալում ձեր երիտասարդական կազմակերպությունը:

-Հիմնականում  կրթական  նախագծեր ենք կյանքի կոչում, ինչպես նաև՝ բարեգործական: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ երիտասարդ նոր ինտելիգենցիա ձևավորելն է: Մենք ակտիվ մասնակցություն ենք ունենում համայնքում կազմակերպվող միջոցառումներին: Ես միջազգայնագետ եմ՝ քաղաքական փիարի մասնագիտացմամբ, ուստի իմ աշխատանքը համայնքում հենց արտաքին կապերի ոլորտն է:

Ան՛ի, որպես արտաքին կապերի ղեկավար՝ ի՞նչ աշխատանքներ եք արել և առաջին հերթին՝ Արցախի հետ կապված:

Արտաքին կապերի ոլորտում առաջին տեղում  Հայաստանն է և նրա անբաժանելի մաս կազմող Արցախը: Մեր քաղաքում ապրում է ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովը, ում ճանաչում է Սփյուռքը. նա ամենասերտ կապերի մեջ է Արցախի հետ, համագործակցում է շարունակաբար: Մենք առաջին հերթին նրա միջոցով ենք կապվում Արցախի հետ՚.Կոնոպլյովը մի յուրօրինակ կամուրջ է մեր և Արցախի միջև: Ասեմ նաև, որ մեր համայնքի հիմնադիր Լիդիա Լևոնի Սամկովիչ- Պողոսյանը ծնունդով Արցախից է: Չնայած ամուսինն ազգությամբ լեհ է, սակայն դա չի խանգարել, որ Լիդիա  Լևոնովնան դառնա հայկական համայնքի հիմնադիր-նախագահը: Նա այժմ էլ ակտիվորեն  աշխատում է և մասնակցում համայնքային կյանքի բոլոր իրադարձություններին ու միջոցառումներին, սակայն այժմ  տիկին Լիդիան համարվում է համայնքի պատվավոր նախագահ, իսկ  համայնքի ներկայիս  գործող նախագահը Աղասի Ալեքյանն է: Պարոն Ալեքյանը ապրիլյան օրերի առիթով եղել է ՀՀ սփյուռքի նախարարի մոտ և ներկայացրել է մեր համայնքի կողմից այդ առնչությամբ արվող նախաձեռնությունները: Ասեմ, որ համայնքի ընդհանուր ուժերով գումար ենք հավաքել և ուղարկել Արցախի ֆոնդին:Նիժնի Նովգորոդի հայ առաքելական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ևս առանձին գումար տրամադրեց Արցախին, իսկ համայնքի ղեկավար, բարեգործ Աղասի Ալեքյանն իր անձնական միջոցներից 200 հազար դոլար է փոխանցել Արցախի ֆոնդին և 1000-ական դոլար՝  յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքի: Մենք ծրագրել ենք լինել նաև  Արցախում: Մենք համագործակցում ենք արցախցի երիտասարդների հետ: Անցյալ տարի նոյեմբերին ՀՀ սփյուռքի նախարարության հետ իրագործած « Ապագա»  երիտասարդական համաժողովին մասնակցող Արցախի ներկայացուցիչն առաջարկեց  հաջորդ համաժողովն անցկացնել Արցախում: Խոստացանք մտածել այդ ոըղղությամբ, սակայն ապրիլյան պատերազմական գործողություններից հետո մենք անպայման Արցախում պետք է հավաքվենք:

-Այս այցելությունը Հայրենիք ի՞նչ առիթով է:

Մենք շատ հետաքրքիր նախագիծ ունենք. ես զբաղվում եմ արտաքին կապերով, սակայն հեռավոր արտեկրներով քիչ եմ զբաղվում: Իմ ոլորտը հայ-ռուսական համագործակցությունն է: Նիժնի Նովգորոդը  շատ մեծ է, բնակեցված է բազմաբղետ ազգություններով: Մենք 2011 թվականից եղբայրացման պաշտոնական պայմանագիր ունենք Վայոց ձորի մարզի հետ: Ավելի ակտիվ փուլ մտանք 3-4 տարի առաջ, երբ Ջերմուկի  թիվ 1, ռուսական խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցը կոչվեց ռուս ժողովրդի մեծ զավակի ՝ Մաքսիմ Գորկու անունով: Ի նշան համերաշխության և եղբայրացման՝ անցյալ տարվա մայիսին Նիժնի Նովգորոդի մարզպետը որոշեց հայ մեծ երաժիշտ, աշխարհահռչակ  Արամ Խաչատրյանի անունով կոչել Նիժնի Նովգորոդի ամենամեծ՝ թիվ 18 արվեստների դպրոցը: Անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ այն լավագույն դպրոցն է, որի աշակերտները մասնակցում են Մոսկվայում կազմակերպվող պատանի տաղանդների միջազգային մրցույթներին և ամեն անգամ  երաժշտասերներին հիացնում  իրենց կատարողական բարձր արվեստով:  Մենք  հպարտանում ենք, երբ կապույտ էկրանին տեսնում ենք Նիժնի Նովգորոդից մասնակիցների անունները, մանավանդ, երբ այն հայկական « յան»-ով է վերջանում:

-Անի´ , ո՞րն է այս անգամ Հայաստան գալու առիթը, նպատակը:

-Վայոց ձորի հետ մենք ավելի ենք սերտացնում մեր եղբայրացման կապերը. ցանկություն ունենք զարգացնելու  զբոսաշրջային, տնտեսական  կապերը: Երկու տարի առաջ Նիժնի Նովգորոդում կազմակերպված մեծամասշտաբ տնտեսական համաժողովին Վայոց մարզից մասնակցեցին գործարարաներ՝ գինեգործության ասպարեզից: Հպարտությամբ կարող ենք ասել, որ վերջերս  Նիժնի Նովգորոդի խանութները «Արենի»  հայկական գինի ստացան, որը ներկայացրել է պարոն Մաթևոսյանը. գինին կոչվում է «Արենի-Մաթևոսյան»: Սա մարզային համագործակցության ոլորտից է, իսկ քաղաքային համագործակցության շրջանակներում հունիսի 12-ին նշվելու է Նիժնի Նովգորոդ քաղաքի օրը. մենք հրավիրել ենք Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը, մասնավորապես՝ քաղաքապետին , սակայն հնարավոր է,որ  քաղաքապետը չկարողանա ներկա լինել, բայց ներկա կլինի Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը, ով այս միջոցառման ընթացքում ոչ միայն կմասնակցի  հանդիսություններին, այլև համագործակցության պայմանագրեր կստորագրի: Այս այցիս Նիժնի Նովգորոդի  Ձերժինսկ  արդյունաբերական քաղաքից ես ինձ հետ բերել եմ 16 հոգու՝ հանրակրթական 3 դպրոցների աշակերտների, երեք տնօրենների և այդ քաղաքի կրթության վարչության պետի տեղակալին: Քանի որ մենք Ջերմուկ քաղաքում ունենք Մաքսիմ Գորկու անունը կրող եղբայր դպրոց, որին օգնում ենք բարոյապես և նյութապես (վերանորոգել ենք այն), որոշեցինք հանդիպել նրանց: Մեր նպատակն այն է, որ հայ երեխաների հետ Նիժնի Նովգորոդում սովորող  ռուս երեխաներն ավելի մոտիկից ճանաչեն, սեփական աչքերով տեսնեն Հայաստանը: Մենք   եղել ենք «Այբ» մասնավոր, նոր ձևաչափերով առաջնորդվող դպրոցում,Պուշկինի անվան դպրոցում, այցելել ենք Մատենադարան, եղել ենք  «Թումո» նորարական տեխնոլոգիաների  կենտրոնում, գնացել ենք Նորավանք, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, կոնյակի «Նոյ» գործարան, տեսել ենք խորհրդավոր ու ճաշակով  ձևավորված մառանները, թանգարանը: Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում  գործարանի տնօրինությանը, Գագիկ Ծառուկյանին՝ ջերմ , հրաշալի կազմակերպված ընդունելության համար:Ռուս տնօրենները համտեսեցին մեր հայկական անկրկնելի  կոնյակը: Ընդունելության ընթացքում առանձնահատուկ տեղ էր գրավում կոնյակի մասին պատմությունը:Ինչպիսի՜ մաքրություն, ճաշակ….բոլորս հիացած էինք:Եղել ենք Ծիծեռնակաբերդում: Նախօրոք ռուս երեխաներին բացատրեցի, որ դրսից Հայաստան այցելող յուրաքանչյուր հայ և օտարերկրացի առաջին հերթին այցելում է Ծիծեռնակաբերդ և ծաղիկիներ խոնարհում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:Բոլորին անմոռուկներ բաժանեցի՝ բացատրելով դրանց խորհուրդը: Երեխաներն ասացին,որ իրենք ցանկանում են դրանք  կրել նաև , երբ տուն վերադառնան:Մենք անչափ շնորհակալ ենք Աղասի Ալեքյանին, որովհետև նրա անձնական ֆինանսական աջակցությամբ կարողացանք իրագործել այս ուղևորությունը:Կարծում եմ՝ մի առիթով կարելի է հարցազրույց վարել այդ հայրենասեր, հարուստ ներքնաշխարհով  հայի հետ: Հյուրերն արդեն մեկնել են, իսկ ես մնացել  եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության համապատասխան վարչությունների հետ քննարկելու  մեր հետագա ծրագրերն ու անելիքները: Դուք հարցնում եք, թե  արդյոք չե՞մ  պատրաստվում հայրենադարձվել… Ես  առայժմ այնտեղ եմ պետք, իսկ մի օր անպայման  տուն եմ գալու՝  Հայրենիք , որովհետև այն շարունակ ձգում է ինձ:

-Անի՛, ո՞րն է քո մաղթանքն արցախցիներին:

-Երբ  մենք Ջերմուկում էինք, միջոցառում պետք է լիներ՝ նվիրված պատերազմի դաշտից տուն չվերադարձած զինվորներին: Տոնում էին Մեծ հայրենականի  և Շուշիի հաղթանակների օրը:Ցավոք, մենք միայն փորձին կարողացանք ներկա գտնվել, որովհետև պետք է վերադառնայինք: Հանկարծ լսեցինք երեխաների երգը՝«Հայեր, միացեք…»: Անգամ հայերեն չիմացող մեր հյուրերը հուզվեցին երգի հնչյուններից ու խրոխտ կատարումից: Ես ուզում եմ, որ այդ երգում հնչող միանալու  գաղափարը կյանքի կոչվի:Ուզում եմ , որ մեր երկրի , Արցախ աշխարհի սահմանները պահող զինվորներն ու արցախցիները, ողջ Հայաստանը համոզված լինեն, որ Սփյուռքն իրենց կողքին է:

Կարինե Ավագյան

Scroll Up