«Հայրենիքը սպասում է քեզ» կամ «Пчелиный луг»-ը բեմում էր վերջին անգամ

Մայիսի 12-ին մոսկվաբնակ հանդիսատեսը հերթական անգամ ներկա եղավ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» «Գավիթ» թատրոնի «Пчелиный луг» ներկայացմանը։ Թատրոնի ղեկավար, ռեժիսոր Համլետ Ղալեչյանը ներկայացումից առաջ նշեց, որ գուցե երբևէ ներկայացումը վերաբեմադրվի, սակայն ներկա դերասանական կազմով այն վերջին անգամ է բեմում։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

«Пчелиный луг»-ը պատմում է Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանում տիրող տնտեսական ծանր վիճակի և լայնածավալ արտագաղթի մասին։ Տոմս գնելու համար օդանավակայան մեկնածներն օդանավերը նմանեցնում են մեղուների, որոնք «երկրի նեկտարը» տանում ու տանում են։ Երկիրը լքում են բոլորը՝ արդեն իսկ փակված գործարանի պաշտոնյան, բանվորը, ուսանողը, գյուղացին և մնում է միայն այդ ամենից խելագարության հասած Սեդան և արտագնա աշխատանքի մեկնած, իր լինելության մասին կնոջը երբևէ լուր չտված, բայց հանգամանքների բերումով վերադարձած Սեդրակը։

Եվ ռեժիսորական յուրօրինակ լուծումով Սեդայի դերակատարը՝ Անաստասիա Թորոսյանը, ով խելագարության պահին նախորդ ներկայացումների ժամանակ դիմում էր իր շուրջը պտտվող նախկին հարևաններին՝ այս անգամ առավելապեսդիմում է մոսկվաբնակ հանդիսատեսին․ «Կանգ առեք, կանգնեք, այդ ուր այդպես․․․Գնացեք, բոլորդ հեռացեք, բայց ես կմնա՛մ, կմնամ մեր մոր հետ, մեր մայր-հողի հետ, ես նրան չեմ լքի։ Ինչո՞ւ են բոլորը հեռանում սիրելով, չէ որ դա ճիշտ չէ, ինչու՞, ինչու՞ խոսի՛ր ինձ հետ, ասա՛՝ ինչ է պետք անել, որպեսզի քո զավակները չլքեն քեզ, մայրի՛կ։ Գուցե հոգնե՞լ ես մեզանից, գուցե ուզում ես, որ նրանք հեռանա՞ն։ Չլինի՞ թե ուզում ես ես էլ հեռանամ։Ո՛չ, ես չե՛մ հեռանա, կմնամ այստեղ, կմեռնեմ, հող կդառնամ, կդառնամ քո մասնիկը, դու ստիպված ես հանդուրժել ինձ, ստիպված ես հանդուրժել ինձ»։

Հատկանշական է, որ Սեդան և Սեդրակը 15 տարվա ամուսնությունից հետո զավակներ անգամ չունեն։ Պիեսի հեղինակ, բեմադրման ռեժիսոր Համլետ Ղալեչյանն այն հարցին, թե ինչու Հայաստանում մնացին անգամ սերունդ չտվող և կիսախելագար կինն ու իր ամուսինը՝ պատասխանեց․ ««Պետքէառնվազն, լավիմաստով, խելագար լինել տնտեսական դժվարություններն անտեսելու և նման պայմաններում շարունակաբար ապրելու համար։ Եթե նկատեցիք՝ֆինալը փոխված էր. Նախորդ դեպքերում երկիրը լքածները վերադառնում էին, այս անգամ նրանք չեն վերադառում, և խելագարության պահին Սեդան դիմում է ոչ թե իրենց թաղը լքած հարևաններին, այլ հանդիսատեսին։ Ռեժիսորի խնդիրը խաբելը չէ, իսկ ես խաբած կլինեի, եթե ասեի, թե հեռացածները վերադառնում են։ Մենք վերադարձ ապահովելու խնդիր ունենք»։

Հանդիսատեսի շաքերում էր նաև Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ բավական տպավորված է ոչ միայն «Գավիթով», այլև թեմի մյուս համույթներով․ «Սա մի կողմից ուրախացնում է, մյուս կողմից՝ տխրեցնում, քանի որ այդ նույն տաղանդավոր երիտասարդները հայրենիքում չեն։ Ես չեմ կարող դատել որևէ մեկին, քանի որ ամեն մեկն իր պատմությունն ունի։ Իսկ այն ինչ մենք տեսանք բեմում՝ բավական հստակ հուզական ուղերձ էր հանդիսատեսին»։

Ներկայացումից հետո հանդիսատեսը հեռանում էր նույն մտքերով, ինչ Լիլիթ Կարապետյանը․«Ներկայացման ողջ ընթացքում ես անդադար արտասվում էի։ Մեծ ցավ եմ ապրում իմ ժողովրդի, իմ հայրենիքի համար։ «Գավիթը» պարզապես տակնուվրա արեց հոգիս։ Կերպարներն անչափ դիպուկ էին․ նրանցից յուրաքանչյուրում ես տեսնում էի իմ հարազատին, բարեկամին»։

Նախապես ծրագրված էր, որ այդ օրը պետք է բեմադրվեր «Գավիթի» «Беги, Гаянэ, беги» կատակերգությունը, սակայն Համլետ Ղալեչյանի որոշմամբ վերանշյալ ներկայացումը՝ ապրիլյան պատերազմով պայմանավորված, հետաձգվեց մինչև մայիսի 29-ը, իսկ «Пчелиный луг»-ն ավարտվեց հայրենիք վերադարձող հերոսի՝ հանդիսատեսին հասցեագրված ուղերձով՝ հայրենիքը սպասում է քեզ։

2 3 4 5

Scroll Up