ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիժնի Նովգորոդի հայերի միության նախագահին

Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի նախագահ, գործարար և բարերար Աղասի Ալեքյանին, ով Հայաստան է եկել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինվորների ընտանիքներին, վիրավորներին և ԼՂՀ պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերելու համար:

Պարոն Ալեքյանը նախարարին տեղեկացրեց, որ իր անձնական միջոցներից 200 հազար դոլար փոխանցել է ԼՂՀ հաշվեհամարին, իսկ բոլոր նահատակված հերոսների ընտանիքներին հատկացրել՝  1000-ական ԱՄՆ դոլար: Իսկ ավելի վաղ՝  ԼՂՀ-ին օգնել էր նաև Նիժնի Նովգորոդի հայ համայնքը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեց ծնունդով գառնեցի Աղասի Ալեքյանին, ով երկար տարիներ ապրելով Ռուսաստանում, իր տքնաջան աշխատանքի շնորհիվ ոչ միայն դարձել է խոշոր գործարար, այլև պարբերաբար օգտակար է եղել ինչպես իր տարածաշրջանի հայ համայնքին, այնպես էլ Հայաստանին, մասնավորապես իր հայրենի գյուղին:

«Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում իրենց ծագման և ազգային արմատների մասին, ովքեր այս դժվար պահին Հայրենիքի կողքին են և աշխատում են իրենց կարելին անել հայրենի ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար» – ասաց նախարարը՝ հավելելով, որ խորապես հուզիչ է այն սրտացավությունը, որ ցուցաբերում են Հայերնիքից հեռու ապրող մեր հայրենակիցները:

Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարին ջերմ խոսքերի համար՝ Աղասի Ալեքյանն ասաց. «Այն, ինչ պատահեց այս օրերին, մի ծանր փորձություն էր համայն հայության համար: Մենք պարտավոր ենք մտածել, ջանք թափել, որ օտար ափերում ոչ միայն չկորցնենք մեր ազգային դիմագիծը, այլև դժվար պահերին օգտակար լինենք Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Այստեղ բազմաթիվ երիտասարդներ իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի, մենք էլ պետք մեր կարողացածը անենք», – ասաց Ալեքյանը՝ հավաստիացնելով, որ օգնությունը լինելու է շարունակական:

Երկուստեք կարևորվեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է կարճ ժամանակում ստեղծել ավելի ճկուն կառույցներ՝ օգնությունն ավելի հասցեական և նպատակային դարձնելու համար:

Scroll Up