Քրդական կազմակերպություն. «Հայերից հետո ցեղասպանությունը շարունակվում է քրդերի դեմ»

2007 թվականին Դիարբեքիրում ստեղծված քրդական «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» ժողովուրդներ և դավանաքներ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Թուրքական «Demokrathaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կազմակերպության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում ավելի քան մեկ դար շարունակվում է ձուլման և ցեղասպանության քաղաքականությունը, որի հետևանքով մի շարք ժողովուրդներ կամ թուրքացվել են կամ էլ ֆիզիկապես բնաջնջվել։ Ըստ հայտարարության՝ ցեղասպանություն են ենթարկվել քրդերը, հայերը, ասորիները, եզդիները, չերքեզները և այլ դավանանքների ներկայացուցիչներ։
Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը խստորեն դատապարտող հայտարարության մեջ նշվում է․ «Անկասկած 1915թ․ Հայոց ցեղասպանությունն ամենաընդգրկունը, ամենաավերիչը և անդառնալին է։ Մոտ 1․5 միլիոն հայ այս ցեղասպանության ժամանակ սպանվեց։ Նույնքան էլ իրենց տներից, հայրենիքից դուրս քշվեցին, հազարավոր տարիների պատմությունը ոչնչացվեց»։
Կազմակերպությունը, անդրադառնալով ցեղասպանության ժխտողականությանը, նշում է, որ դրա հետևանքով հայ ժողովրդի դեմ կիրառված ցեղասպանական քաղաքականությունն այժմ կիրառվում է քուրդ ժողովրդի նկատմամբ։ Հայտարարության մեջ այս առնչությամբ ասվում է․ «Իթթիհատ վե Թերաքիի (Միություն և առաջադիմություն) ռասիստական և ցեղասպան քաղաքականությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կողմից նոր տեսքով իրականացվում է Սուրում, Ջիզրեում, Սիլոփիում, Յուքսեքովայում, Նուսայբինում, Դերգեչիթում և Քուրդիստանի մի շարք քաղաքաներում: Քուրդ ժողովուրդը մեծ ավերման և ցեղասպանության է ենթարկվում»։