Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ը նախագահ արաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին։ Այս տարի ևս Սպիտակ տան ղեկավարը «ցեղասպանություն» բառի փոխարեն հնչեցրել է հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությունը։
«Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը իր տարածած գրավոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ցեղասպանության հարցում։ Ըստ հայտարարության՝ Օբամայի՝ 1915 թվականի վերաբերյալ հայտարարությունը հիմնվում է 1-ին Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների միակողմանի ներկայացման վրա։
Նշվում է, որ Թուրքիան անկեղծությամբ ի ցույց է դնում հայ և թուրք ժողովուրդների՝ դարեր շարունակ համատեղ ապրելու փորձի հիման վրա խաղաղ ապագա կառուցելու իր ցանկությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ցավալի է համարում, որ բարեկամ և դաշնակից երկրները վերոնշյալ կոչին աջակցելու փոխարեն խրախուսում են այն շրջանակներին, որոնք կողմ են բախումների խորացմանը։ Ըստ Անկարայի՝ մինչև այժմ պատմության մեջ տեղի ունեցած տառապանքները քաղաքականության գործիք դարձնելու ջանքերը ոչ մեկին օգուտ չեն տվել։
«Այսպիսով, ԱՄՆ իշխանություններին կոչ ենք անում պատմական փաստերն արդար հիշողության հիման վրա գնահատելով բոլոր կողմերի տառապանքները հաշվի առնող, անկողմնակալ, խոհեմ և կառուցողական մոտեցում ցուցաբերել»,-ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։