Ադամ Շիֆը Օբամային կոչ է արել գոնե իր նախագահության վերջին տարում օգտագործել Ցեղասպանություն եզրը

Կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նրան կոչ անելով իր նախագահության վերջին տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ապրիլի 24-ին աշխարհը կնշի Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանության 101-րդ տարելիցը: Սպանդի մասին փաստերը անհերքելի են: Վստահ եմ, որ քաջատեղյակ եք հայ ժողովրդին պատուհասած այդ սարսափներին, որոնց մասին բավական պերճախոս ելույթներ էիք ունենում սենատոր եղած ժամանակ»,- ասված է բաց նամակում:

Կոնգրեսականի խոսքով՝ ցեղասպանություն բառը շատ կարեւոր է սպանվածների հիշատակի եւ վերապրածների  սերունդների համար: Ադամ Շիֆը Օբամային հիշեցրել է, որ ժխտումը հավասարազոր է կրկնակի սպանության:

Կոնգրեսականը նախագահին կոչ է արել այս տարի փորձել դիմակայել նրանց, ովքեր իրեն ամեն տարվա նման կասեն, որ Թուրքիան իրենց համար ռազմավարական տեսանկյունից կարեւոր է, կհամոզեն չօգտագործել ցեղասպանություն եզրը եւ սահմանափակվել դրան փոխարինող այլ բառերով՝ ինչպես զանգվածային կոտորածներ եւ այլն:

Ադամ  Շիֆը հիշեցրել է, որ եվրոպական շատ երկրներ, չնայած ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այսօր էլ շարունակում են նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:

Scroll Up