Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Երուսաղեմում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Երուսաղեմի հայ համայնքը ապրիլի 23-ից 24-ը մի շարք միջոցառումներ է իրականացնելու: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Դիվանապետ և Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Ապրիլի 23-ին Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում անմեղ զոհերի հոգիների հանգստության համար Սուրբ Պատարագ է մատուցվելու, որից հետո ծաղկեպսակ է դրվելու Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Ապա Ժառանգավորաց վարժարանի հանդիսությունների սրահում Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմի դիտում է տեղի ունենալու, որին հաջորդելու է ջահերով երթ՝ Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարից մինչև Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Երեկոյան «ՇԱՌԼՕԹ» երգչախմբի մասնակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր և դասական երգերի կատարումներով համերգ է կայանալու:

Շարունակելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման միջոցառումները՝ ապրիլի 24-ի առավոտյան համայնքային ներկայացուցիչներով Երուսաղեմում թուրքական հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպելու, որից հետո շարժվելու են Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատուն՝ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածը դատապարտելու և Հայոց հարցին արդարացի լուծում պահանջելու նպատակով:

Scroll Up