«Ձեր սխրանքն անգնահատելի է և անանուն». Սամվել Կարապետյան, Արսեն Դանիելյան

Թե՛ խաղաղ տարիներին և թե՛ առավել ևս մեր ժողովրդի համար օրհասական պահերին մշտապես կարևորվել ու կարևորվում է միասնականությունը, համախմբվելն ազգանվեր և ազգանպաստ՝ կյանքի կոչվող գաղափարների շուրջ: Եվ, փառք Աստծո, եթե ոչ խաղաղ պայմանններում, ապա աղետների, պատերազմական գործողությունների ժամանակ գոնե մենք կարողանում ենք զորավիգ լինել մեկս մյուսին, ավելին՝ դառնալ մեկ ազգ, բռունցքվել՝ ի հեճուկս մեր թշնամյաց:

Ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում ազերիների կողմից սկսած պատերազմական գործողությունների հետևանքով մենք զոհեր ունեցանք խաղաղ բնակչության և հայ դիրքապահների շրջանում: Արցախի սահմաններն անառիկ պահելով՝ շատերը զոհվեցին, մի մասն ստացավ միջին և ծանր բնույթի տարբեր տիպի հրազենային վիրավորումներ: Ներկայումս վիրավորները շարունակում են բուժում ստանալ Ստեփանակերտի, Երևանի տարբեր հիվանդանոցներում:

Հայաստանի և Սփյուռքի շատ կառույցներ, ինչպես նաև՝ անհատներ, իրենց բարոյական, նյութական աջակցությունն են ցուցաբերում ավերված գյուղերի, տների, ճանապարհների վերականգնման աշխատանքներին, զոհվածների ընտանիքներին ու վիրավոր զինվորներին: Այդպիսի մի նախաձեռնությամբ են հանդես եկել Դոնի Ռոստովում բնակվող ԵԿՄ կառույցի անդամներ Սամվել Կարապետյանն ու Արսեն Դանիելյանը:

Նախաձեռնության հեղինակների և Դոնի Ռոստովի հայության կողմից ուղարկված գումարը զինվորներին բաշխելու լիազորությունն ու առաքելությունն իրականացրեցին դեռևս անցյալ տարի Դոնի Ռոստովում համերգներով հանդես եկած վաստակաշատ և սիրված երգչուհի Անահիտ Սահակյանն ու նոււյն ժամանակահատվածում Դոնի Ռոստովում թատերական ներկայացումների նախպատրաստական աշխատանքներ իրականացրած դերասանուհի Արևիկ Օրբելյանը:

Զինվորներին և նրանց խնամող ծնողներին փոխանցելով բարերարների ֆինանսական խորհրդանշական աջակցությունը՝ Անահիտ Սահակյանը փոխանցեց նաև Սամվել Կարապետյանի, Արսեն Դանիելյանի և Դոնի Ռոստովի հայության շնորհակալությունը մեր դիրքապահ արծիվներին, մեր հերոս տղաներին:

«Այն, ինչ արեցիք դուք՝ 19-20 տարեկաններդ, մեր քաջարի զինծառայողներն ու մարտական փառավոր ուղի անցած նախկին ազատամարտիկները, ոչ մի բառով հնարավոր չէ ամբողջացնել ու ամփոփել. դա անանուն ու անգնահատելի սխրանք է», – իրենց շնորհակալական ուղերձում ասել են մեր հայրենակիցներն ու վստահեցրել, որ իրենց բարեգործությունը շարունակական ընթացք է ունենալու:

28bde6e6-57db-4902-a162-39d9588702df de7b960f-3ad7-415e-9ffe-0dbb987b9acd e1838eae-5a04-435d-b1c8-e8c9fce69072 ed4a24b3-82b0-40a8-bba7-8fd65321c376

Կարինե Ավագյան

Scroll Up