Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով «News.am» գործակալության հարցին՝ Ստամբուլում կայացած գագաթաժողովին Իսլամական համագործակցության կազմակերպության ամփոփիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած դրույթների վերաբերյալ, ասել է.

«Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը արդյունք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճշնելու քաղաքականության:

Տվյալ ձևակերպումներով մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը:

Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին:

Տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել Իսլամական համագործակցության կազմակերպության փաստաթղթում»:

Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up