Ստրասբուրգի հայ համայնքը խաղաղ երթով ֆրանսիացիներից պահանջել է դատապարտել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը

Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ իրենց բողոքն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում Ֆրանսիայում գործող «Ավետիս» կազմակերպության փոխնախագահ Հրանուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ խաղաղ ցույցը մեկնարկել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի դիմաց, որտեղից Եվրախորհրդի ամբողջ երկայնքով շարժվել են մինչև Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ: «Մոտ 300 հոգի էինք, աշխատանքային օր լինելու պատճառով շատերը չկարողացան մասնակցել»,­ասաց հայ համայնքի ներկայացուցիչը: Երթի ողջ ընթացքը հսկել են ոստիկանները, իսկ մասնակիցները երգելով, «Արցախը մերն է» վանկարումներով, դրոշներով ու պաստառներով իրականացրել են իրենց ակցիան:

«Հյուպատոսության առաջ ֆրանսերենով ճառ ասեցինք Թալիշում վայրագությունների, պատմության կրկնության մասին` կոչ անելով Եվրադատարանին, Եվրախորհրդին դատապարտել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը»,­հայտնեց Հրանուշ Մանուկյանը` շեշտելով, որ իրենք փորձում էին այդպիսով գրավել ֆրանսիական հասարակության ուշադրությունը: Հայ համայնքի կազմակերպած երթի մասնակիցներին Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ դիմավորել են 10­13 ադրբեջանցիներ, որոնք պարզել են այդ երկրի դրոշները, միացրել իրենց ազգային երգերից: Բայց հայերն իրենց վանկարկումներով ստիպել են ադրբեջանցիներին լռել:

«Հետ գալուց էլ Եվրախորհրդի նիստի ավարտի ժամն էր, այնտեղ էլ կանգնեցինք մի պահ: Բազմաթիվ մարդիկ մոտենում, հարցեր էին տալիս, թե ինչ է կատարվում»,­ավելացրեց մեր զրուցակիցը: Հրանուշ Մանուկյանը տեղեկացրեց, որ ապրիլի 9­ին Ստրասբուրգի կենտրոնական հրապարակներից մեկում` Կլեբերում ադրբեջանցիները հակացույց են իրականացնելու: Հայկական ակցիայի կազմակերպիչները « Հայորդի» հայ երիտասարական և «Ավետիս» կազմակերպություններն են:

Scroll Up