Արցախում են համաարաբական երեք կարևոր հեռուստաընկերությունների թղթակիցներ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների մասին արաբական մամուլի արձագանքը միանշանակ չէր: Ծավալվող իրադարձությունները ոչ միշտ էին օբյեկտիվ լուսաբանվում:
Այդ նպատակով Լիբանանի հայ դատի հանձնախումբն այս օրերին երեք համաարաբական կարևոր հեռուստաընկերությունների աշխատակիցներ է գործուղել Արցախ՝ MTV-ի, LBS, NewTV, որպեսզի կարողանան տեղում գնահատել իրավիճակն ու օբյեկտիվ մեկնաբանել այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունները:
«Արաբական մամուլում արդեն դրական տեղաշարժ է նկատվում: Մատուցվում է արդեն օբյեկտիվ լրատվությունը, որը վեր է հանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալվող դեպքերի իրական պատկերը»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը և հավելեց, որ արդեն աշխատանքներ են սկսել նաև լիբանանյան թերթերի խմբագիրների հետ, որպեսզի սրբագրվեն բոլոր սպրդումները: