Ղազախստանում ՀՀ դեսպանը դիմել է համայնքի հայկական կազմակերպություններին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/1113.jpg)
Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը դիմել է Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների ղեկավարներին և կոչ արել ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես գալ:
«Կոչ եմ անում հանդես գալ Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններով և անել ամեն ինչ, որ Ձեր արդար ձայնը հասնի բարի կամքի տեր բոլոր մարդկանց»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ասված է դեսպանի հայտարարության մեջ:
Հավելենք, որ այս օրերին Սփյուռքի հայ համայնքներն իրենց զորակցությունն ու աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղին՝ ցույց տալով հայ ժողովրդի միասնականությունն ու անկոտրում ոգին: Ադրբեջանի ոտնձգությունները սանձահարելու նպատակով ցույցեր են տեղի ունենում Ադրբեջանի դեսպանատների առջև, ոգեկոչման միջոցառումներ կազմակերպվում և այդպիսով՝ իրենց ձայնը լսելի դարձնելով համապատասխան ատյաններին: